Իսրայելական թերթը համարում է, որ Թուրքիայի վարչապետը Բեն Լադենից ավելի վտանգավոր է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը՝ վկայակոչելով իսրայելական Jerusalem Post-ին։
Թերթում հրապարակված նյութի հեղինակը՝ «Միջին Արեւելքի ֆորում» վերլուծական ընկերության նախագահ Դանիել Պիպեսն է։
Ըստ հրապարակման՝ Այաթոլահ Հոմեյնին, Ուսամա Բեն Լադենը, Նիդալ Հասանը ներկայացնում է իսլամականության առաջին տարբերակը։ Իսլականության երկրորդ տարբերակը ներկայացնում են՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շվեցարացի մտավորական՝ Թարիք Ռամադանը եւ ԱՄՆ կոնգրեսի անդամ՝ Քեյթ Էլիսոնը։ Առաջին տարբերակը շատ մարդկանց է կոտորել, իսկ երկրորդը՝ արեւմտյան քաղաքակրթության համար ավելի վտանգավոր է։
Իսլամական առաջին տարբերակը ժամանակ առ ժամանակ ուժով իշխանության է գալիս։ Իսկ Երկրորդ տարբերակը աշխատում է ժողովրդի սիրտը շահել։ Այս տարբերակի իսլամիստները 1992թ. Ալժիրում, 2001թ. Բանգլադեշում, 2002 թ. Թուրքիայում եւ 2005թ. Իրաքում հաղթեցին ընտրություններում։ Մեկ անգամ իշխանության գալով, նրանք փորձում են երկիրը տանել շարիաթի ուղիով։ Եթե Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը փողոցներում պայքարում է ընդդիմության դեմ, Բեն Լադենը ՝թաքնվում է քարանձավներում՝ ապա, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզում է ժողովրդին։ Թուրքիայի հանրապետությունը վերաձեւավորվում է եւ աշխարհում իսլամիստներին իրեն ձգող մի մոդել է ստեղծում։
NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրք-իսրայելական լարվածությունը թուլացնելու համար, մի քանի օր առաջ Թուրքիա էր ժամանել Իսրայելի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բինիամին Բեն Էլեզիրը։ վերջինս Թուրքիայում հայտնել է, որ Իսրայելը կողմ է, որ Թուրքիան շարունակի, որպես միջնորդ հանդես գալ Իսրայել-Սիրիա հարաբերություններում, սակայն Թուրքիան պետք է պահպանի անկողմնակալությունը։
Մինչ Իսրայելի առեւտրի նախարարի այցը Թուրքիա՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ Թուրքիան Իսրայելի հասցեին արած վերջին վիրավորանքներից հետո չի կարող միջնորդ լինել Սիրիա-Իսրայել հարաբերություններում։
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ամերիկյան պաշտպանության ոլորտի Defense news-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ ժողովրդավարության հետ կապ չունեցող կառույցը, այսինքն՝ բանակը, պահպանում է երկրի ժողովրդավարությունը: «Թուրքիան տարածաշրջանում հարգանքի արժանի երկիր է եւ ՆԱՏՕ-ի անդամ: Չպետք է պահի ազդեցության տակ առաջացած լարվածության զոհը դառնանք»,-ասել է Իսրայելի նախագահը եւ ավելացրել, որ Թուրքիան Իրանի կողքին տեղ զբաղեցնելով` պակասեցրել է իր հարգանքը աշխարհում:




























