Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը մարտի 20-ին, ուրբաթ օրը, կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Լիբանանում RT-ի նկարահանող խմբի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նախարարության շենքից դուրս է եկել դիվանագետների հետ մոտ 40 րոպե տեւած շփումից հետո։ Դեսպանը հրաժարվել է պատասխանել մամուլի հարցերին։
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ RT-ի թղթակից Սթիվ Սուինին եւ նրա օպերատորը վիրավորվել են Լիբանանի հարավում Իսրայելի իրականացրած հարձակման ժամանակ։ Հրթիռն ընկել է լրագրողների մոտ, երբ Սուինին ռեպորտաժ էր վարում։ Լրագրողները կրում էին «Մամուլ» գրությամբ բաճկոններ։ Նրանք երկուսն էլ հոսպիտալում են։
Սուինին ավելի ուշ ասել է, որ Իսրայելի հարձակումից առաջ նախազգուշացումներ չեն եղել։ Նկարահանումների ժամանակ լրագրողները լսել են միայն ինքնաթիռի ձայնը։ «Զարմանալի է, որ մենք ողջ մնացինք»,- ասել է նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ռուս լրագրողների վրա հարձակումը պատահական չէր։ Մանավանդ որ հրթիռը հարվածել է ոչ թե «կարեւոր ռազմավարական ռազմական օբյեկտի», այլ այն վայրին, որտեղ հեռարձակվում էր ռեպորտաժը։ Նա նաեւ զոհերին մաղթել է արագ ապաքինում։





























