Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ կայանալիք բանակցություններին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք կլինեն երկկողմանի շփումներ ուկրաինացիների եւ ամերիկացիների միջեւ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի մոտ ապագայում վերսկսել եռակողմ բանակցային ձեւաչափը եւ բանակցությունների դադարը համարում է «ժամանակավոր»։
Նա նաեւ հայտնել է, որ «էներգետիկ զինադադարի» հասնելու համար Կիեւը պետք է անվերապահորեն դադարեցնի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները եւ դադարեցնի «այլ երկրների էներգետիկ շանտաժը»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել վերադառնալ եռակողմ բանակցություններին, որոնք անորոշ ժամանակով հետաձգվել էին Մերձավոր Արեւելքում պատերազմի պատճառով։
Բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնեւում փետրվարի 17-18-ին։ Այս բանակցություններից հետո մարտի 5-6-ին տեղի է ունեցել գերիների փոխանակում 500-500 բանաձեւով։





























