Մարտի 23-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բալթիկ ծովի Պրիմորսկ նավահանգստին։ Այս մասին հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Վնասվել է վառելիքի տարրան, առաջացել է հրդեհ։ Ընթանում են մարման աշխատանքներ, անձնակազմը տարհանվել է»,- գրել է Դրոզդենկոն իր տելեգրամյան ալիքում՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։ Պրիմորսկ նավահանգիստը ռուսական նավթի և Եվրո-5 ցածր ծծմբային դիզելային վառելիքի արտահանման խոշորագույն փոխաբեռնման կետերից մեկն է։ Դրա նավթալցման հզորությունները կազմում են օրական շուրջ 1 միլիոն բարել նավթ և մոտ 300 հազար բարել դիզվառելիք։ Սրանից առաջ ուկրաինական դրոնները հարվածել էին նավահանգստին նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին։ Այն ժամանակ կառամատույցների մի մասը դուրս էր եկել շարքից, իսկ նավթի բեռնման գրաֆիկն իրականացվում էր մի քանի օրվա ուշացումով։
Լենինգրադի մարզի վրա օդային հարձակումը սկսվել է նախորդ օրը ուշ երեկոյան։ Առավոտյան ժամը վեցին տարածաշրջանի երկնքում խոցվել էր ավելի քան 50 անօդաչու թռչող սարք, հստակեցրել է Դրոզդենկոն։ Գատչինայի շրջանի Իզորա գյուղում վնասվել է բնակելի տուն. երեք բնակարաններում կոտրվել են պատուհանները։ Տուժածներ չկան։ Ըստ տեսահսկման խցիկների ձայնագրությունների վերլուծության, որն իրականացրել է Astra-ն, տունը վնասվել է ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրթիռից, որը պայթել է դրոնի խոցման ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել բնակելի թաղամասում՝ «ՎԻՍԿՈՄ» պաշտպանական ձեռնարկությունից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Ավելի վաղ այն առանձնացվել էր Գատչինայի «Ավանգարդ» գործարանի կառույցից։ «ՎԻՍԿՈՄ»-ը արտադրում է մերձամարտի միջոցներ, պայթուցիկ սարքեր և ուժային կառույցների կարիքների համար հատուկ միջոցներ։
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանի տարածքում ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել է ինքնաթիռային տիպի 249 ուկրաինական դրոն։ Անօդաչու թռչող սարքեր են խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Ազովի ծովի ջրատարածքի վրա։ Դրոնների հարձակման ֆոնին «Պուլկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և մեկնման համար։ Ժամը 00:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում հետաձգվել է 10 չվերթ, իսկ ևս 7-ը՝ չեղարկվել։





























