Ժամանակի փորձություն անցած ռուս-հնդկական բարեկամությունը միջպետական հարաբերությունների կառուցման օրինակ է՝ հիմնված հավասարության, փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև միմյանց շահերը հաշվի առնելու վրա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այդ առումով ամենաբարձր մակարդակով վստահության վրա հիմնված երկխոսության դերը դժվար է գերագնահատել։ 2025 թվականի դեկտեմբերին նախագահ Պուտինի Նյու Դելի կատարած այցից հետո հաստատվեց Ռուսաստանի և Հնդկաստանի ռազմավարական նպատակների ներդաշնակությունը, և ընդունվեց փաստաթղթերի, դրանց թվում՝ ծրագրային փաստաթղթերի, պատկառելի փաթեթ։ Ակնկալում ենք, որ 2026 թվականին վարչապետ Մոդին կայցելի Ռուսաստան։
Ռուս-հնդկական հարաբերությունների նյութական հիմքի ամրապնդմանն ուղղված ակտիվ համատեղ աշխատանքը շարունակվում է։ Մենք շատ բան ունենք առաջարկելու մեր հանրությանը։ Երկկողմ առևտրաշրջանառությունը 2025 թվականին կազմել է մոտ 60 միլիարդ դոլար։ Մեր ղեկավարները հաստատել են մինչև 2030 թվականը 100 միլիարդ դոլարի հասնելու նպատակը։
Նրանց հանձնարարականները կատարելով՝ մենք կխորացնենք լոգիստիկ, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցությունը, ներառյալ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման գործում համագործակցությունը։ Մենք կշարունակենք կատարելագործել ուղղակի փոխադարձ հաշվարկների համակարգը. այսօր առևտրաշրջանառության 96%-ն արդեն ազգային արժույթներով է»,- նշել է Լավրովը։





























