Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է միջազգային հարաբերություններում աճող «անկարգության» մասին՝ այն կապելով միջազգային իրավունքի թուլացման և բազմաբևեռության ուժեղացման հետ։ Նրա խոսքով՝ աշխարհում ավելի ու ավելի հաճախ ուժն է գերակայում կանոնների նկատմամբ, ինչը հանգեցնում է հակամարտությունների և անկայունության։

«Թույլ տվեք սկսել մի պարզ հարցից. ինչպե՞ս եք գնահատում միջազգային հարաբերությունների վիճակը: Իմ պարզ պատասխանն է՝ աճող անկարգություն: Սակայն եթե խորանանք, կարող ենք տեսնել երկու հիմնական միտում: Առաջինը մի իրականություն է, որտեղ ուժը գերակայում է իրավունքի նկատմամբ: Մի աշխարհ, որտեղ միջազգային իրավունքը համակարգված կերպով անտեսվում է, որտեղ խոշոր տերությունները խաթարում են խաղաղությունը և տապալում առևտուրը: Բայց կա նաև երկրորդ կարևոր միտումը՝ աշխարհը դառնում է ավելի բազմաբևեռ: Ավելի ու ավելի շատ միջին չափի երկրներ ձգտում են դերակատարում ունենալ: Օրեցօր զարգացող տնտեսություններն աճում են՝ թե՛ մասշտաբներով, թե՛ վստահությամբ և թե՛ ուժով: Հենց այս երկու գործոնների համադրությունը՝ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի թուլացումը և բազմաբևեռության աճը, այսօր առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար՝ Եվրոպական միության համար»,- հայտարարել է նա:

Կոշտան ընդգծել է, որ այս պայմաններում Եվրոպական միությունը պետք է շարունակի սատարել Միավորված ազգերի կազմակերպության նորմերի վրա հիմնված համաշխարհային կարգին։ Նրա խոսքով՝ համագործակցությանն այլընտրանք է դառնում քաոսը, որն արդեն իսկ դրսևորվում է հակամարտություններում՝ Ուկրաինայի պատերազմից մինչև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ճգնաժամերը։

Նա առանձնակի նշել է, որ ԵՄ-ն լայնամասշտաբ հակամարտության սկզբից ի վեր հետևողականորեն աջակցում է Ուկրաինային՝ քաղաքական, ֆինանսական, դիվանագիտական և ռազմական առումներով, և մտադիր է շարունակել դա «այնքան ժամանակ, որքան կպահանջվի կայուն խաղաղության հասնելու համար»։

Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ Կոշտան հայտնել է, որ ԵՄ վերջին գագաթնաժողովում միության երկրները կոչ են արել դեէսկալացիայի, միջազգային իրավունքի պահպանման և նավագնացության ազատության, ինչպես նաև դատապարտել են տարածաշրջանի պետությունների վրա Իրանի հարձակումները։

Իր ելույթում նա առանձնացրել է Եվրոպայի համար երեք առանցքային առաջնահերթությունները՝ «սկզբունքներ, գործընկերություն և ուժ»: Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ոչ միայն պաշտպանի միջազգային իրավունքի նորմերը, այլև ընդլայնի դաշինքների ցանցը։ Միությունն արդեն իսկ տիրապետում է առևտրային համաձայնագրերի աշխարհի խոշորագույն համակարգին և շարունակում է զարգացնել այն՝ նոր պայմանավորվածություններ ներառելով խոշոր տնտեսությունների հետ։

Կոշտան նաև ընդգծել է ԵՄ ներքին դիմակայունության ամրապնդման կարևորությունը։ Խոսքը տնտեսության մրցունակության բարձրացման, բյուրոկրատիայի կրճատման, արդյունաբերության զարգացման և մատչելի էներգիայի ապահովման մասին է։ Զուգահեռաբար ուժեղացվում է պաշտպանական բաղադրիչը, այդ թվում՝ մինչև 2030 թվականը պատրաստվածության ռազմավարության և համատեղ ռազմական արդյունաբերության զարգացման միջոցով։

Նրա խոսքով՝ միայն տնտեսական ուժի և պաշտպանական կարողությունների համադրումը թույլ կտա Եվրոպային դառնալ ավելի ինքնուրույն խաղացող և արդյունավետորեն արձագանքել գլոբալ մարտահրավերներին։