Մեծ Բրիտանիան Apple-ին տուգանել է 390 հազար ֆունտ ստեռլինգով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար, հաղորդում է BBC-ն։
Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորող մարմինը պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է, որ տուգանքը պետք է վճարեր Apple Distribution International Limited (ADI) ընկերությունը՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի՝ Իռլանդիայում գրանցված դուստր ձեռնարկությունը։
Տուգանքը սահմանվել է մոտ 636 հազար ֆունտ ստեռլինգ ընդհանուր գումարի երկու վճարումների համար, որոնք ADI-ն կատարել է ռուսական Okko սթրիմինգային ծառայությանը 2022 թվականի հունիսին և հուլիսին։
Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության՝ Okko-ն պատկանում է ռուսական «Նովյե Վոզմոժնոստի» ընկերությանը, իսկ մինչև 2022 թվականի մայիս ծառայությունը պատկանում էր պետական «Սբերբանկին»։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի կապակցությամբ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել և՛ «Սբերբանկի», և՛ «Նովյե Վոզմոժնոստիի» նկատմամբ։ Պատժամիջոցներ կիրառելու որոշումն ընդունվել է Apple-ի՝ վճարումները կատարելուց առաջ։
2024 թվականի հունվարին Apple-ը Ռուսաստանի բյուջեին է վճարել 12,3 միլիոն դոլարի տուգանք, որն իշխանությունները սահմանել էին շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման մեղադրանքով։





























