Այսօր ամերիկացիները նշում են ազգային տոն` Նախագահների օրը:
Այն նշում են փետրվարի երրորդ երկուշաբթի օրը` առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի, որը ծնվել է փետրվարի 22-ին, եւ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի, որը ծնվել է փետրվարի 12-ին, ծննդյան օրերի միջեւ ընկած ժամանակահատվածում:
Վաշինգթոնը դրել է ամերիկյան պետության հիմքերը. Նրա օրոք են դրվել ԱՄՆ-ի տնտեսական, ֆինանսական, դատաիրավական համակարգերի հիմքերը, ուժի մեջ է մտել իրավունքների մասին օրինագիծը, որը հռչակել է խոսքի դեմոկրատական ազատությունը, տպագրությունը, խմբագրությունը:
Լինքոլնն էլ շատ բան է արել ԱՄՆ-ի հզորացման համար: Հենց նա է կանխել երկրի պառակտումը Հյուսիսի եւ Հարավի միջեւ քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1863 թվականին նա ստորագրել է ստրկության վերացման հռչակագիրը: Նրան է պատկանում ժողովրդավարության հիմնական նպատակի բանաձեւը. «Ժողովրդի կողմից ստեղծված կառավարությունը ժողովրդից է եւ ժողովրդի համար է»:
Տոնի նախօրեին Հարիսի հետաքննչական ծառայությունը հրապարակել է համազգային հարցման արդյունքները, որի նպատակն էր պարզել, թե իրենց 44 նախագահներից ամերիկացիներն ում են համարում լավագույնը պատմության մեջ: Առաջին տեղում է հայտնվել Լինքոլնը (32%): Առաջին հնգյակ են մտել նաեւ Ռոնալդ Ռեյգանը (26%), Ջորջ Վաշինգթոնը եւ Ջոն Քենեդին (21%):
Նրանցից, ովքեր Սպիտակ տուն են մուտք գործել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ամերիկացիների ամենամեծ համակրանքը վայելում են Ռեյգանը (25%), Ֆրանքլին Ռուզվելտը (19%), Քենեդին (15%) եւ Բիլ Քլինթոնը (12% ): Աշխատակազմի մյուս 9 ղեկավարները, ներառյալ Բարաք Օբաման, հավաքել են 4-ական եւ ավելի քիչ տոկոսներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը
Անպատվաբեր «վատագույն» նախագահների ցուցակի առաջին տողը զբաղեցրել է Ջորջ Բուշ կրտսերը (27%): Նրան հաջորդում են Օբաման (22%) եւ Ռիչարդ Նիքսոնը (12%):




























