Եվրոպական աշխատաշուկան 2026 թվականին ներկայացնում է երկու շատ տարբեր պատկեր։ Որոշ երկրներ շարունակում են գործազրկության բարձր մակարդակ ունենալ, մինչդեռ մյուսներն արդեն մոտենում են լիարժեք զբաղվածության վիճակին։

Հակադրությունը շշմեցուցիչ է. Ֆինլանդիան (10,2%) և Իսպանիան (9,8%) գլխավորում են վարկանիշային աղյուսակը, մինչդեռ Ռուսաստանը (2,2%), Բուլղարիան (3,1%) և Լեհաստանը (3,1%) ամենացածր հորիզոնականում են։

Ֆինլանդիայից և Իսպանիայից բացի, մի քանի խոշոր եվրոպական տնտեսություններ նույնպես զգալիորեն գերազանցում են եվրոպական միջին ցուցանիշը։ Ֆրանսիան և Հունաստանը (երկուսն էլ՝ 7,7%) ամենաբարձր գործազրկության մակարդակ ունեցող երկրների շարքում են, ինչն ընդգծում է տարածաշրջանի մի շարք երկրներում պահպանված կառուցվածքային խնդիրները։

Այս տնտեսություններում դանդաղ աճը և աշխատաշուկայի պայմանները չեն թողնում, որ գործազրկությունն արագ կրճատվի մինչև համեմատելի երկրների մակարդակի, գրում է Naked Science-ը։ Ֆրանսիան վառ օրինակ է. այն վստահաբար մնում է Եվրոպայում բարձր գործազրկություն ունեցող երկրների շարքում։

Նույնիսկ այլ երկրներում իրավիճակի բարելավվման պայմաններում այս տնտեսությունները շարունակում են հետ մնալ մայրցամաքի մեծ մասից։

Ֆրանսիան միակը չէ, որ բախվում է այս խնդրին։ Նրա հարավային հարևանները վաղուց ի վեր նմանատիպ դժվարություններ են ապրում, չնայած նրանք զգալի առաջընթաց են գրանցել եվրոգոտու ճգնաժամից հետո, որը 2008-2014 թվականներին լրջորեն ազդել է նրանց տնտեսությունների վրա։

Այժմ Իսպանիայի գործազրկության մակարդակը 9,8% է՝ երկրորդ ամենաբարձրը Եվրոպայում Ֆինլանդիայից հետո (10,2%): Միայն վերջերս է երկիրը կարողացել իջնել 10%-ից ցածր՝ 2008 թվականի ճգնաժամից ի վեր առաջին անգամ: Ընդ որում, Իսպանիայի տնտեսությունը Եվրոպայի այժմյան աճի ճգնաժամն ավելի լավ է հաղթահարում, քան շատ այլ երկրներ՝ նշանակալի պետական ​​ներդրումների և ԵՄ աջակցության շնորհիվ։

Միևնույն ժամանակ, Իտալիան ցույց է տալիս Եվրոպայի միջին ցուցանիշից ավելի լավ արդյունքներ. 2026 թվականի հունվարի դրությամբ գործազրկության մակարդակը կազմում է 5,1%: ԵՄ երրորդ խոշորագույն տնտեսությունը նույնպես զգալիորեն ամրապնդել է իր աշխատաշուկան եվրոգոտու ճգնաժամից հետո: Օրինակ, թեև երիտասարդների գործազրկությունը դեռևս բարձր է՝ մոտ 20%, այդուհանդերձ դա ճգնաժամի եզրափակիչ փուլում՝ 2014 թվականին գրանցված մոտ 40%-ի կեսն է։

Գործազրկության մակարդակն ավելի ցածր է Եվրոպական Միությունից դուրս մի շարք երկրներում։ Միացյալ Թագավորությունը (5,2%) մոտ է եվրոպական միջին ցուցանիշին, մինչդեռ Նորվեգիան (4,5%) և Շվեյցարիան (3,2%) ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան ԵՄ շատ երկրներ։