Մինչ Պակիստանը պատրաստվում է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև, հետին պլանում գործում է ավելի հանգիստ դիվանագիտական ալիք՝ Տոկիոյի միջոցով: Ճապոնիայի արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգին և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին պատերազմի սկսվելուց ի վեր առնվազն երկու անգամ զրուցել են, բանակցությունների մասին Axel Springer Global Reporters Network-ին հայտնել են երկու ինսայդերներ:
Ըստ աղբյուրների՝ իրանա-ճապոնական բանակցություններն ապահովում են Թեհրանի հետ անմիջական հաղորդակցությունը, որը չի խլանում հանրային ռազմատենչ հռետորաբանության աղմուկի մեջ: «Մենք փորձում ենք [Իրանին] փոխանցել ոչ միայն Ճապոնիայի, այլև ամբողջ աշխարհի մտահոգությունները. դա էներգետիկ անվտանգության հարց է»,- Global Reporters Network-ին ասել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը:
Ճապոնիան իր նավթի ներմուծման 90%-ը ստանում է Հորմուզի նեղուցով, որը փակել է Իրանը, և ցանկանում է վերականգնել ազատ նավագնացությունը, գրում է Bild-ը: Վարչապետ Սանաե Տակաիտին, որը լավ հարաբերություններ է կառուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վերջերս հայտարարել է, որ «հարմար պահին» կքննարկի Իրանի ղեկավարների հետ բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
Տոկիոն երկար ժամանակ զգուշավոր մոտեցում է ցուցաբերել Թեհրանի հետ հարաբերություններում, որը ձևավորվել է տասնամյակների էներգետիկ համագործակցության և քաղաքական կապերի շնորհիվ: Ճապոնական ընկերությունները 1970-ականներին օգնել են զարգացնել Իրանի նավթարդյունաբերության ենթակառուցվածքները: Իրանի արտգործնախարար Արաքչին 2008-2011 թվականներին եղել է Իրանի դեսպանը Ճապոնիայում, ներառյալ՝ 2011 թվականի երկրաշարժի ժամանակ: Նա աջակցել է դեսպանատան աշխատանքին Տոկիոյում և կազմակերպել է տուժած շրջաններին օգնությունը: Արաքչին պահպանել է կապի ուղիներ իր ճապոնացի գործընկերոջ հետ և հարցազրույցներ տվել ճապոնական լրատվամիջոցներին: Kyoto News-ին տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ Ճապոնիան «կառուցողական դեր» կխաղա պատերազմի ավարտի գործում։
Ընդսմին, բանակցությունների շրջանակը ներկայում խիստ սահմանափակ է: ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև եղած անդունդը խորն է, և չկան նշաններ այն «մեծ առաջընթացի», որի մասին բազմիցս խոսել է Թրամփը: ԱՄՆ-ը շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Հորմուզի նեղուցը առաջվա պես փակ է:





























