Որոշ երկրներ վերջերս չափ ու սահմանն անցել են՝ հայտարարելով այլ երկրների տարածքների նկատմամբ պահանջների մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է РИА Новости-ն:

«Որոշ երկրներ չափ ու սահմանն անցել են և արդեն բացահայտորեն ազդարարում են որոշակի տարածքների նկատմամբ իրենց իրավունքների մասին՝ առանց իրենց նեղություն տալու՝ ծրագրերի համար որևէ իրավական հիմք ներկայացնելու»,- ասել է նա։

Որպես օրինակ՝ նախարարը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարություններից մեկը։ Պատասխանելով Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ Ռուբիոն ասել էր, թե ամեն ինչ կախված է Իրանից։ Ըստ նրա՝ Հորմուզի նեղուցը փակելով՝ Թեհրանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։

Եվ ընդամենը երկու օր առաջ, հիշեցրել է Լավրովը, նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե ինքը չի հետաքրքրվում միջազգային իրավունքով, այլ ունի իր սեփական բարոյականությունն ու բնազդները։ «Դա երկակի խաղ է»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Նրա կարծիքով, համաշխարհային կարգն այժմ վերակառուցման փուլում է. ղեկավար պաշտոնների համար պայքարը կյանքի և մահվան պայքար է։

«Իրոք, փասացիորեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ անհագ գերիշխանական նկրտումներով Արևմուտքն, ինչպես ասում են, հակասության մեջ է մտել համաշխարհային մեծամասնության՝ հավասարության, արդարության կամ, այլ կերպ ասած, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա առկա մարտահրավերները հաղթահարելու ձգտման հետ»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Արևմուտքի հետ երկխոսության համար, սակայն, դառը փորձից դասեր քաղելով, այժմ ավելի կոշտ կերպով կձգտի հասնելու ապագա համաձայնագրերի իրականացմանը, եզրափակել է Լավրովը։