Նավթի արտահանումը կարող է Ռուսաստանին լրացուցիչ 40 միլիարդ դոլար բերել, եթե մինչև տարեվերջ նավթի գները բարձր մնան, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով մի քանի եվրոպական կառավարությունների անցկացրած վերլուծությանը։ Գործակալությունը նշում է, որ Urals նավթի գինը զգալիորեն բարձրացել է Հորմուզի նեղուցի փակման ֆոնին։

Սակայն, ընդգծում է գործակալությունը, Մոսկվայի եկամուտները չեն սահմանափակվում միայն նավթի վաճառքով. դրանք ներառում են նաև գազ, հացահատիկ, ալյումին և պարարտանյութեր, որոնք նույնպես տեղափոխվում են Հորմուզի նեղուցով։ Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր ալյումինի գներն աճել են 12%-ով և մոտենում են չորս տարվա ամենաբարձր ցուցանիշին, մինչդեռ միզանյութը աճել է գրեթե 75%-ով։

Փորձագետների կարծիքով՝ ռուսական մատակարարումները գնալով ավելի կարևոր են դառնում ազոտի և ֆոսֆատի համաշխարհային շուկաների համար։ Բացի դրանից, արևմտյան գնորդները նույնպես սկսում են հետաքրքրություն ցուցաբերել ռուսական մետաղների նկատմամբ։ Ռուսաստանը կարող է նաև օգուտ քաղել ասիացի և եվրոպացի հեղուկացված բնական գազի գնորդների միջև մրցակցության սրումից։

Նավթի գների աճը հեշտացնում է Ռուսաստանի համար պատերազմի ֆինանսավորումը, չնայած այն հանգամանքին, որ անցյալ շաբաթ Բալթյան նավահանգստային ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի իրականացրած հարվածների պատճառով Մոսկվան կարող էր մոտ 1 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ կորցնել։

Ի տարբերություն Ռուսաստանի, Մերձավոր Արևելքում պատերազմը սպառնում է տնտեսական ցնցումով աշխարհի մնացած մասի համար։ Էներգիառեսուրսների ներմուծումից կախված երկրներն ամենաշատը կտուժեն։

Ընդ որում, Մերձավոր Արևելքում պատերազմից Ռուսաստանի գերշահույթը չի սահմանափակվում միայն նավթով։

Ալյումինի գները հասել են չորս տարվա ամենաբարձր մակարդակին, ռուսական «Ռուսալ» ընկերությունն արդեն սկսել է հարցումներ ստանալ ԱՄՆ-ից և Եվրոպայից՝ իր հասանելի հզորությունների վերաբերյալ։