Պարսից ծոցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով ձգձգվող ճգնաժամի պայմաններում վառելիքի մատակարարման իրավիճակը վատթարանում է։ Այդ խնդրի լուծումը մանրածախ գների ճշգրտումներ կպահանջի, ասվում է Սլովենիայի խոշորագույն վառելիքային ընկերության՝ Petrol-ի տարածած հայտարարության մեջ։
«Պարսից ծոցի ճգնաժամի ծանրության և տևողության պատճառով միջազգային նավթի և գազի շուկաներում իրավիճակն ավելի է բարդանում է, և էներգամատակարարման ապահովումը ապագայում ռազմավարական նշանակություն կունենա։ Հաշվի առնելով մատակարարման փոփոխված պայմանները, նավթամթերքի հուսալի և անխափան մատակարարումը բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսություն և ճշգրտված մանրածախ գնագոյացման մոդել կպահանջի, որը հաշվի կառնի շուկայական պայմանները և համեմատելի կլինի հարևան երկրների գների հետ»,- հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից։
Petrol-ում միաժամանակ հերքել են վառելիք կուտակելու և ճգնաժամից ավելի մեծ շահույթ կորզելու մասին մեղադրանքները։ Ընկերությունն իր բենզալցակայաններում վառելիքի մատչելիության հետ կապված դժվարությունները վերագրել է «վառելիքի պահանջարկի հանկարծակի աճին և սահմանափակ լոգիստիկ հնարավորություններին», հայտարարելով, որ նավթամթերքի բավարար պաշարներ ունի։
Ավելի վաղ Սլովենիայի իշխանությունները սահմանափակումներ էին մտցրել ֆիզիկական անձանց (50 լիտր) և իրավաբանական անձանց (200 լիտր) վառելիքի գնման վրա: Կառավարությունը նաև հրամանագիր է հրապարակել, որով հանձնարարվել է հետաքննություն սկսել Petrol-ի գործունեության վերաբերյալ՝ վառելիքի մատակարարման մեջ կասկածվող դիտավորյալ ուշացումների պատճառով: Փոխվարչապետ և իշխող կոալիցիայի մաս կազմող Ձախ կուսակցության համանախագահ Լուկա Մեսեցն իշխանություններին առաջարկել է քննարկել ընկերության վերահսկիչ բաժնեմասի ազգայնացումը: Ավելի ուշ կառավարությունը Ernst & Young-ին հանձնարարել է աուդիտ անցկացնել Petrol-ի գործարքների վերաբերյալ:
Վառելիքային Petrol ընկերությունը Սլովենիայում և հարևան երկրներում բենզալցակայանների մեծ ցանց ունի: Բաժնետոմսերի 10,8%-ը պատկանում է Սլովենիայի պետությանը, ևս 12,7%-ը՝ Սլովենիայի պետական հոլդինգային ընկերությանը:




























