Մոսկվան տեսնում է, որ Հայաստանին պատրաստում են ԵՄ անդամակցությանը, որը դարձել է Ռուսաստանի համար թշնամական դաշինք։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այս սցենարի իրականացումը կհանգեցնի լուրջ հետևանքների։

«Այն, ինչ մենք տեսնում ենք ՌԴ–ի հետ երկաթուղային կոնցեսիայի հետ կապված հանկարծակի վայրիվերումների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված ԵՄ–ի հետ մերձեցման քաղաքական տրամաբանության մեջ, որը տնտեսական անկում է ապրում և վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմաքաղաքական դաշինքի։ Արդյո՞ք հայերը ցանկանում են դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամական դաշինքի մաս, կախված է հենց իրենցից։

Մեզ համար ակնհայտ է, որ նրանց պատրաստում են նման քայլի, ինչպես որ ակնհայտ են նման զարգացման երկարաժամկետ, ծանր հետևանքները», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։