«Անսար Ալլահ» շարժումը (հութիները) կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, եթե ԱՄՆ-ն որոշի զորքեր ափհանել իրանական կղզիներ, РИА Новости տված հարցազրույցում ասել է Եգիպտոսում Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ֆերդոուսիպուրը։

«Մենք հույս ունենք, որ թշնամին (ԱՄՆ-ն - խմբ.) թույլ չի տա ևս մեկ ռազմավարական սխալ Իրանի դեմ։ Եթե նրանք ցանկանան ափհանել կամ գրավել իրանական կղզիները, Հորմուզի նեղուցին կավելանա ևս մի նեղուց... Մենք դա չենք ուզում և «Անսար Ալլահին» չենք խնդրի դա անել, բայց նրանք ունեն այս տարբերակը»,- ասել է Ֆերդոուսիպուրը։

Դիվանագետը հավելել է, որ նման քայլը կհանգեցնի «ֆինանսական շուկաների և համաշխարհային տնտեսության պայթյունի»։

Մարտի կեսերին հութիների քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին РИА Новости-ին ասել է, որ շարժումը կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը կապում է Կարմիր ծովը և Ադենի ծոցը, բայց միայն՝ ագրեսոր երկրների համար։