Միացյալ Թագավորության պաշտպանական պատրաստվածության բարձրացման մասին օրինագիծը Բրիտանիայի խորհրդարանի սեղանին չի հայտնվի նախքան 2027 թվականի կեսերը։ Այս մասին հաղորդում է The Times պարբերականը։

Անհրաժեշտության դեպքում արդյունաբերության ռազմական ռելսերի փոխադրելու նախագիծն առաջին անգամ հանրայնացվել էր 2025-ի հունիսին՝ երկրի պաշտպանական ռազմավարության վերանայման ժամանակ։ Նախատեսվում էր, որ օրենսդիրները դրա քննարկմանը կանցնեն արդեն 2026-ի սկզբին։ Սակայն, ըստ հոդվածի, գործընթացը սառեցվել է մի քանի գերատեսչությունների մտահոգությունների պատճառով․ վերջիններս համարում են, որ օրենքի կիրառման նախապատրաստական փուլը պատշաճ չի իրականացվել։

Ինչպես նկատում է The Times-ը, օրինագիծը տեղ չի գտել Կառլ III թագավորի գահակալական ճառում, որը նախատեսված է մայիսին և պետք է նախանշի կառավարության առաջիկա 12 ամիսների օրենսդրական անելիքները։

Ըստ նախնական մտահղացման՝ փաստաթուղթը պետք է պարտադրեր առանցքային ոլորտների ձեռնարկություններին նախապատրաստել իրենց աշխատակիցներին պատերազմական իրավիճակում հնարավոր զորակոչին, ինչպես նաև լրացուցիչ լիազորություններ տար նախարարներին՝ պահեստազորն ուժեղացնելու հարցում։ Բացի այդ, նախագծով ռազմական տեսանկյունից առաջնահերթ կարգավիճակ էր շնորհվելու կրիտիկական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ ցանցերին ու երկաթուղուն։

The Times-ի փոխանցմամբ՝ այս հետաձգման քննադատները զգուշացնում են, որ աճող աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում նման դանդաղկոտությունը կարող է վարկաբեկել Լոնդոնին ինչպես հակառակորդների, այնպես էլ դաշնակիցների աչքում։

Ընդդիմությունն արդեն իսկ մեղադրել է իշխող Լեյբորիստական կուսակցությանը երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում դանդաղելու մեջ։ Ի պատասխան՝ կառավարությունում թերթի աղբյուրները հակադարձել են, թե պաշտպանունակության բարձրացումը հնարավոր է նաև առանց համապատասխան օրինագծերի ներդրման։