Նախորդ շաբաթվա վերջին օրերին իրականացվել են բոլոր միջոցներ, որպեսզի կարողանանք «Լույսեր» թաղամասում կուտակված շինաղբի տեղափոխումը իրականացնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը։
«Երեք օրվա ընթացքում իրականացվել է շուրջ 60 բեռնատար մեքենաներով աղբի տեղափոխում, այսօր աշխատանքները շարունակվելու են, բայց դեռ բավականին շատ է կուտակված աղբը։ «եզ նաև օգնել են այդ հարակից տարածքի կառուցապատողները, որոնք թվով հինգն են իրենք։ Հարկ եմ համարում նշել, որ այդ շինաղբը իրենց կողմից այդտեղ չի տեղափոխվել, դա այլ սուբյեկտների կողմից է տեղափոխվել»,–ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Այդ շինաղբը, որտեղից որ տարբեր տեղերում հայտնվում է, եկեք հլը մի հատ հասկանանք մոտավորապես որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելաոճ ունեն, գտնենք մեթոդը, իրենց շինթույլտվությունները չեղարկելու առհասարակ, թող գնան սնանկանան դրանք։ Որովհետև եթե այդպես փնթի են իրենք իրենց էությամբ և իրենց մոտեցումներով, որ իրենց շինաղբը որտեղ պատահի, կարող են տանել թափել, պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել, ու իրավական մեթոդները խնդրում եմ, ուսումնասիրել։ Ես վստահ եմ, որ դրանք կան և եթե մի քանի հոգու վերջնականապես կտրենք, այս պրոցեսն էլ կվերանա։
Պարոն Խոջոյան, ձեզ հանձնարարում եմ գտնել կոնկրետ կառուցապատողների, որոնք այս չակերտավոր ծառայություններից օգտվում են և իրենց շինաղբը տանում են տարբեր ոչ սահմանված վայրերում թափում են, դրանց անունները ինձ ներկայացնել, մնացածը մենք կհասկանանք իրենց հետ ոնց վարվել»։
Ռուբեն Խոջոյանն էլ հավելեց, որ կառուցապատողներից մեկը նաև առաջարկել է իր կողմից տեսախցիկների տեղադրում, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել օրինախախտին։




























