Հարցազրույց չեմ տալիս, ճեպազրույց էլ չեմ տալիս. շտապում եմ նիստի, չեմ պատասխանում ոչ մի հարցի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե ինչո՞ւ 18–ամյա Դավիթ Մինասյանին ոստիկանները քաղաքացիական հագուստով էին բերման ենթարկում, և արդյո՞ք նման ձևով բերման ենթարկելը ճիշտ էր այդ պահին, արդյոք վախենում էին, որ եթե ոստիկանի հագուստով գային, այնտեղ եղած քաղաքացիները ավելի շատ կըմբոստանային։
«Բոլորիդ լավ օր»,– միայն ասաց նախարարն ու նստեց վերելակ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցության կորուստ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։





























