Շարունակելով մարզային հանդիպումները՝ այցելեցի Գեղարքունիքի մարզ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումներից։

«Գյուղացիների հետ ջերմ ու անմիջական զրույցներից պարզ դարձավ, որ նրանց հուզող խնդիրները շատ են՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։

Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված։ Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ։

Այս այցերից հետո առավել պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, ժպիտը դեմքին լինի և իր կյանքը կարողանա անցկացնել հայրենիքում՝ արժանապատիվ ու բարեկեցիկ պայմաններում»,– գրել է նա։

Տեսանյութում Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներից մեկը՝ դիմելով ԲՀԿ առաջնորդին ասում է. «Տեսնելով քո արծ գործը, հպարտանում եմ, որ քո պես հայ կա։ Դու լավ մարդ ես, լավ հայ ես, ես ուրախ եմ, որ մեր հայ ազգի մեջ նման բարերար մարդիկ կան։ Ես համոզված եմ, որ մեր գյուղում էլ խոսք կտաք ու կանեք»։

Ի պատասխան Ծառուկյանն ասում է. «Քո ցավը տանեմ, ոչ միայն ձեր գյուղում, ամբողջ երկրում պետք է անենք»։

Գյուղացիները բողոքում են գործազրկությունից. «Ամենամեծ գյուղն է, մի հատ աշխատատեղ չկա, բոլորը Ռուսաստանով են ապրում, մի հատ զավոդ չկա գյուղում, որ մարդիկ աշխատեն։ ռուսաստանն էլ նենց օրենքներ է հանում, որ մեր ժողովուրդը չի կարողանում այնտեղ աշխատել»։

ԲՀԿ առաջնորդի խոսքով, պետք է հասկանալ, թե այս տարածքում  ինչ է հնարավոր մշակել, արտադրել, որի պահանջարկը կա. «Ես սովորական ընտանիքի մարդ եմ, այս երկրում ծնվել եմ, էս երկրում կայացել եմ, կառուցել եմ գործարաններ, հյուրանոցներ, եկեղեցիներ, սպրոտդպրոցներ։ Կարևորը մարդու գումարի չափը չի, կարևորը արած գործն է, և գործն է մնայուն։

Եթե ԵՎրոպան այսօր Ռուսաստանի հետ թշնամի է, մենք Ռուսաստանի հետ բարեկամ պետություն ենք։ Եթե մենք հակառակ ենք ուզում անենք, գնանք Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանն էլ ասում է՝ ընտրի»։

Նա ընդգծեց, որ շփվելով մարդկանց հետ, նրանք ասում են. «Այ, որ մարդ լիներ՝ արդարացի, ունենար, որ աչքը գումարին չլիներ, պաշտոնին ու դիրքին չլիներ, որ լավ թիմ հավաքեր, կարգավորեր, ճիշտ են ասում։ Այո, մարդը պետք է տեսած լինի, ունևոր լինի, կայացած լինի, որ աշխատողի ղադրն էլ հասկանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։