Երևանում ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներն են սկսվել Պրոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, որը գալիս է Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ. Այստեղ աշխատանքները մեկնարկել են Բաղրամյան-Պրոշյան խաչմերուկից, պիտի գան Պրոշյան-Դեմիրճյան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նա տեղեկացրեց, որ որոշ արարողակարգային միջոցառումների հետ կապված, սահմանափակում են դրել, որ մինչև ապրիլի 15-ը եղածը ամբողջությամբ վերականգնեն, ասֆալտբետոնյա ծածկը վերականգնեն. «Այսինքն այդ աշխատանքները բերված են առաջին պլան։ Միայն մայիսի 1-5–ը փոքր սահմանափակում կլինի»,–ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ընդհանուր առմամբ տեմպը շատ դանդաղ է, Տեմպը այնպես չի, որ իրենց, կներեք, մեջտեղից ճղում են, իսկ սա այն դեպքն է, որ միգուցե պետք է մեջտեղից ճղեին, մանավանդ, որ դրանից հետո ունենք միջին նորոգման աշխատանքներ։
Բացի այդ, փոսալցման աշխատանքների տեմպը էլի ոնց որ սկսում է ընկնել, այսինքն մենք փետրվարին բացառիկ մեծ տեմպով սկսեցինք փոսալցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ, որ կամաց-կամաց էլի հարմարվեցինք, էլի հին ռեժիմին անցանք»։
Քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը փորձեց արդարանալ. «Վերջին 11 օրվա ընթացքում միայն 3-4 օրն են կարողացել ամբողջ տեմպով աշխատել՝ զուտ եղանակային պատճառներով։ Որ օրը լավ օր է եղել, ամբողջ տեմպով կարողացել ենք աշխատել։ կիրակիից երկուշաբթի չենք աշխատել զուտ Զատիկի պատճառով»։
Ավինյանն արձագանքեց. «Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց էս էն դեպքն ա, որ նաև չեմ հասկանում, որովհետև երևանցիները չեն հասկանում և չեն ընդունում։ Ասֆալտապատման դեպքում, հատկապես, եթե խոսքը փոսալցման մասին է, չկա Նոր տարի, չկա Զատիկ, չկա հանգստյան օր։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր այս պրոցեսում գալիս են, հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան, որ որևէ օր իրենք չունեն հանգիստ, որովհետև փոսալցման աշխատանքները կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևան քաղաքում։ Օրինակ, այս գիշեր հուսով եմ մեծ տեմպով բոլորը բոլոր վարչական շրջաններում մտնելու են։ Փոսալցման աշխատանքների համար այսուհետ չկան հանգստյան օրեր։
Հաջորդը, ես ասել եմ ճաքալցման աշխատանքների ծավալները ավելացնել»։




























