Ժայթքել է Ինդոնեզիայի կենտրոնական մասի Արևելյան Ջավա նահանգում գտնվող Սեմերու հրաբուխը, հաղորդում է Jakarta Globe-ը՝ հղում անելով դիտակետերին։
Ժայթքման ժամանակ մոխիրը հասել է հրաբխի խառնարանից 1,1 հազար մետր բարձրության (կամ ծովի մակարդակից 4 776 մետր բարձրության) և չափավոր ինտենսիվությամբ տարածվել դեպի հարավ: Ասիական հանրապետության հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնը կոչ է արել տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին չմոտենալ խառնարանին 8 կմ շառավղով՝ լավայի և պիրոկլաստիկ հոսքերի (գազի, մոխրի և քարերի շիկացած խառնուրդների) տարածման վտանգի պատճառով:
Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է (3 676 մ ծովի մակարդակից բարձր) և Ճավա կղզու ամենաբարձր գագաթը:
Աշխարհի խոշորագույն Ինդոնեզական արխիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակում», ինչի պատճառով էլ տարածաշրջանը հակված է ուժեղ սեյսմիկ ակտիվության։ Ինդոնեզիայում ընդհանուր առմամբ հաշվվում է ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող են մոտ 130-ը։




























