Ուկրաինայի շուրջ բանակցությունները ներկա պահին դադարեցված են։ Եռակողմ ձևաչափով հանդիպումը դժվար է անցկացնել Միացյալ Նահանգներում առկա բազմաթիվ այլ խնդիրների պատճառով։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են առանձին շփումներ պահպանել Միացյալ Նահանգների հետ։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Եվրոպայում գազատարների անվտանգությունն ապահովելու համար։

«Ներկայում տեղեկություններ չկան այն մասին, թե ով կարող է կանգնած լինել Եվրոպայում գազատարների վրա հարձակումների փորձերի հետևում, սակայն Կիևի ներգրավվածությունը կասկածելի է։ Ռուսաստանը հույս ունի, որ Հունգարիան և Սերբիան միջոցներ կձեռնարկեն Եվրոպայում գազատարների վրա սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար»,- ընդգծել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի, որ Անկարան Զելենսկուն տեղեկացրել է Եվրոպայում գազատարների ենթակառուցվածքների դեմ ագրեսիվ գործողությունների անթույլատրելիության մասին։

Ըստ նրա՝ Կրեմլը հավաստի տեղեկություններ չունի Ուիթքոֆի և Քուշների՝ Զատիկից հետո Կիև նախատեսված այցի մասին։

Կրեմլում տեսել են Թրամփի սպառնալիքներն Իրանի դեմ, սակայն նախընտրում է չմեկնաբանել դրանք, նշել է Պեսկովը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը Մերձավոր Արևելքի հակամարտության ընդլայնումն անվանել է Իրանի դեմ ագրեսիայի վտանգավոր հետևանք։ «Կրեմլն արձանագրում է, որ գործնականում ամբողջ Մերձավոր Արևելքը կրակի մեջ է, և տարածաշրջանում լարվածությունը մեծանում է»,- եզրափակել է Պեսկովը։