Այսօր՝ ապրիլի 7-ին, Միացյալ Թագավորությունը 40 երկրների ռազմական մասնագետների հանդիպում կանցնակցնի։ Օրակարգում ռազմական գործողությունների ավարտից հետո Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման հնարավոր տարբերակների քննարկումն է։ Ինչպես հայտնում է Financial Times պարբերականը, խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցեն այն երկրների ներկայացուցիչները, որոնք դեռ մարտին էին համատեղ հայտարարությամբ դիմել Իրանին։ Նրանք կոչ էին արել պաշտոնական Թեհրանին «անհապաղ դադարեցնել սպառնալիքները, ականների տեղադրումը, անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով հարվածները, ինչպես նաև առևտրային նավագնացության համար Հորմուզի նեղուցն արգելափակելու բոլոր փորձերը»։ Նախաձեռնության հեղինակների կազմում ի սկզբանե եղել են Միացյալ Թագավորության, Իտալիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջնորդները։ Հետագայում նրանց միացել են 30-ից ավելի պետություններ, այդ թվում՝ մի շարք եվրոպական երկրներ, Ավստրալիան, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Նոր Զելանդիան, Պանաման, Տրինիդադ և Տոբագոն, ԱՄԷ-ն ու Հարավային Կորեան։
Այս նույն պետությունները նախկինում արդեն մասնակցել էին Հորմուզի նեղուցի շրջափակմանը նվիրված անվտանգության համաժողովին։ Նախորդ անգամ այն անցկացվել էր արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այդ հանդիպումը ևս կազմակերպվել էր Բրիտանիայի իշխանությունների կողմից և տեղի էր ունեցել ապրիլի 2-ին՝ հեռավար ձևաչափով։
Ըստ թերթի տեղեկությունների՝ այս անգամ բացման խոսքով հանդես կգա բրիտանացի բարձրաստիճան մի զինվորական, իսկ առցանց հանդիպումը կհամակարգվի Լոնդոնի մոտակայքում գտնվող Նորթվուդ ռազմաբազայից։
Ինչպես Financial Times-ին հայտնել են բանակցություններին իրազեկ երկու անանուն պաշտոնական աղբյուրներ, ռազմածովային կոալիցիայի ստեղծումը բարդանում է յուրաքանչյուր մասնակցի համար հասանելի ռազմական ռեսուրսների տարբերություններով։ Օրինակ, հոդվածում նշվում է, որ որոշ երկրներ առաջարկել են տրամադրել ականազերծող նավեր, սակայն չեն կարող ֆրեգատներ տրամադրել՝ դրանց պաշտպանության համար։ Պաշտոնյաների խոսքով՝ առաջարկվող կոալիցիան չի գործելու որպես ՆԱՏՕ-ի առաքելություն և իր մեջ կներառի նաև այնպիսի երկրներ, որոնք դրա անդամ չեն հանդիսանում։


























