Իսրայելը հաստատել է Իրանի էներգետիկ և ենթակառուցվածքային այն թիրախների թարմացված ցանկը, որոնք ենթակա են հարվածի։ Այս քայլն արվում է այն դեպքի համար, եթե Վաշինգտոնի և Թեհրանի դիվանագիտական բանակցությունները ձախողվեն։ Այս մասին CNN-ին հայտնել են իսրայելական երկու աղբյուրներ։
«Իսրայելն իր հետագա քայլերի համար սպասում է Թրամփի որոշմանը, սակայն մենք հավելյալ ծրագրեր ունենք առաջիկա շաբաթների համար, որոնց իրագործման համար մեզ ԱՄՆ-ի հավանությունն է անհրաժեշտ»,- հեռուստաալիքին հայտնել է Իսրայելի անվտանգության ծառայության աշխատակիցը։
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելը չափազանց թերահավատորեն է վերաբերվում գործարքի կնքման հնարավորությանը։ Նա հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս ունեցած բանակցությունների ընթացքում իր մտահոգությունն է հայտնել հրադադարի հնարավոր համաձայնագրերի վերաբերյալ։ Նեթանյահուն ընդգծել է, որ իսրայելական կողմի համոզմամբ՝ ցանկացած հրադադար պետք է Իրանից պահանջի հարստացված ուրանի ամբողջ պաշարի հանձնում և հարստացման գործընթացի լիակատար դադարեցում։
Ապրիլի 5-ի երեկոյան Բենիամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Խոսակցությունը տեղի է ունեցել Իրանի երկնքում խոցված կործանիչի երկու ամերիկացի օդաչուների փրկարարական աշխատանքներից հետո։ Իսրայելական իրազեկ աղբյուրը հայտնել է, որ առաջնորդները քննարկել են դիվանագիտական հեռանկարները, ինչպես նաև Իրանի հարցում Իսրայելի և ԱՄՆ-ի հետագա ռազմական փոխգործակցությունը։


























