Միացյալ Թագավորությունը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմաբազաները՝ Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնում է The i Paper-ը։ Որպես պատճառ նշվում են իրավական ռիսկերը և հակամարտության մեջ ներքաշվելու ցանկության բացակայությունը։
Ըստ հրապարակման՝ ամերիկյան կողմը դիտարկում էր Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու բազան և RAF Fairford ավիաբազան օգտագործելու հնարավորությունը։ Սակայն Քիր Սթարմերի կառավարությունը չի աջակցել այս գաղափարին. Լոնդոնում մտավախություն ունեն, որ առանց հստակ իրավական հիմքի՝ նման գործողություններին մասնակցելը կարող է հակասել միջազգային իրավունքին։
Այս մերժումը լարվածություն է առաջացրել դաշնակիցների միջև. Թրամփը հրապարակավ քննադատել է Բրիտանիայի դիրքորոշումը։ Լոնդոնն իր հերթին ընդգծում է, որ գործում է սեփական ազգային շահերից ելնելով և կենտրոնացած է էսկալացիայի զսպման վրա։


























