ԱՄՆ ռազմական պլանավորողները վերանայում են Իրանի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են թիրախ դառնալ հարվածների համար։ Դիտարկվում են նաև այն էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք վառելիքով ու էլեկտրաէներգիայով են ապահովում ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին։

Պաշտոնյաների խոսքով՝ նման օբյեկտների «երկակի նշանակությունը» դրանք դարձնում է օրինական թիրախներ, սակայն Պենտագոնի ներսում վեճեր են ընթանում այս մեկնաբանության հիմնավորվածության շուրջ։ Պարբերականը նշում է, որ թիրախների վերանայումը կարող է նաև «շրջանցիկ ուղի» լինել՝ ռազմական հանցագործությունների մեջ հնարավոր մեղադրանքներից խուսափելու համար։

Ցանկի ընդլայնման պատճառ է դարձել Սպիտակ տան աճող դժգոհությունը. Իրանը հրաժարվում է անձնատուր լինել՝ չնայած ռազմական օբյեկտներին հինգ շաբաթ շարունակ հասցվող շուրջօրյա ավիահարվածներին։ Մինչ այժմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմարշավը հիմնականում չէր թիրախավորում երկրի էներգամատակարարման համակարգը։ Գերատեսչության ներսում քննարկումները վերաբերում են նաև նրան, թե որտեղ պետք է անցնի ռազմական և քաղաքացիական թիրախների սահմանը։ Մասնավորապես՝ արդյո՞ք ջրամաքրման կայանները կարող են օրինական թիրախներ համարվել միայն այն պատճառով, որ զինվորականներին նույնպես ջուր է անհրաժեշտ։