Երկրի բնակչության թվաքանակը գերազանցել է մոլորակի կայունության համար թույլատրելի մակարդակը։ Այս մասին հայտնում է բրիտանական Environmental Research Letters (ERL) ամսագիրը՝ հղում անելով կատարված հետազոտությանը։

Հետազոտության հեղինակները կանխատեսումներ են արել մարդկության կայունության վերաբերյալ՝ հաշվի առնելով ժողովրդագրական միտումները և էներգիայի, ջրի, օգտակար հանածոների ու այլ ռեսուրսների նկատմամբ ընթացիկ պահանջարկը։

Գիտնականները նշել են, որ 21-րդ դարի վերջին բնակչության թվաքանակի գագաթնակետը կարող է հասնել 11-12 միլիարդի։ Մինչդեռ գլոբալ տաքացման սպառնալիքը և էկոհամակարգերի աղետալի դեգրադացիան նվազեցնելու համար պահանջվող օպտիմալ մակարդակը համարվում է 2,5 միլիարդ մարդը։ Հետազոտողների կարծիքով՝ պատմության մեջ շրջադարձային կետ է դարձել 20-րդ դարի կեսերը։ Հետպատերազմյան շրջանը զուգակցվել է մարդկանց թվաքանակի կտրուկ աճով և մոլորակի ռեսուրսների արագացված սպառման նոր եղանակների գյուտով, ինչը չափազանց մեծ ճնշում է գործադրում Երկրի ֆլորայի և ֆաունայի վրա, հավելել են գիտնականները։