Հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնին բուժող բժիշկները կարող են արժանանալ  մեկ այլ սիրված երգիչ հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի բժշկի ճակատագրին:

NY Daily News-ի տեղեկատվության համաձայն` մոտ ժամանակներս նրանց դեմ կարող են քրեական գործ հարուցել: Տեղական ոստիկանությունն արդեն ստուգում է երգչուհու հետ աշխատող բժիշկներին, ինչպես նաեւ այն դեղատները, որտեղից երգչուհին դեղորայք է գնել: 

Ավելի վաղ հայտնել էին, որ հյուրանոցի այն համարում, ուր վախճանվել էր աստղը, հայտնաբերվել էին դեղորայքի փաթեթներ, հատկապես «Քսանաքս» դեղամիջոցի, որը նշանակվում է իբրեւ հանգստացնող միջոց:

Դատաբժշկական փորձագետները կարծում են, որ Ուիթնի Հյուսթոնին կործանել է հանրահայտ «սատանայի կոկտեյլը», որը բաղկացած է ալկոհոլից եւ հակասթրեսային միջոցներից: Այն, ըստ որոշ տվյալների, օգտագործել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Էմի Ուայնհաուսը, Հիթ Լեջերը եւ Մայքլ Ջեքսոնը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հենց այդ նույն «ստանայի կոկտեյլից» մահացած Մայքլ Ջեքսոնի բժշկին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա աստղին նշանակել է պրոպոֆոլ դեղամիջոցի մահացու չափաբաժին: Բժիշկ Քոնրադ Մյուրեյը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել ոչ կանխամտածված սպանության համար:

Ուիթնի Հյուսթոնը վախճանվել փետրվարի 11-ին Լոս Անջելոսի Beverly Hilton հյուրանոցում: Երգչուհու մահվան իրական հանգամանքների մասին կարելի է իմանալ միայն փորձաքննությունից հետո, այսինքն` մոտավորապես երկու ամիս անց: