Եվրոպայում գազի բորսայական գները չորեքշաբթի օրվա սակարկությունների մեկնարկին նվազել են 18,5%-ով՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 518,6 դոլարի։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, որը հղում է անում լոնդոնյան ICE բորսայի տվյալներին, անկումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարի մասին լուրերով։
Հոլանդական TTF հաբի (Եվրոպայի խոշորագույն գազային հանգույցի) մայիսյան ֆյուչերսները Երևանի ժամանակով 10:00-ին բացվել են 518,6 դոլարի նշագծով (-18,5%)։ Ժամը 10:15-ի դրությամբ ցուցանիշը փոքր-ինչ բարձրացել է՝ կազմելով 529,3 դոլար (-16,8%)։
Գնանշումների դինամիկան հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա փակման գնի նկատմամբ, որը հազար խորանարդ մետրի դիմաց կազմել է 597,6 դոլար։




























