ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում ունեցած ելույթի ժամանակ գովաբանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ասելով, որ նա «լավ աշխատանք է կատարում, որովհետև իսկապես դա անում է» և «շատ, շատ կարևոր գործընկեր է խաղաղության համար պայքարում», հաղորդում է The Guardian-ը։
Վենսի խոսքով՝ «եվրոպական քաղաքական մայրաքաղաքների մեծ մասը այնքան էլ օգտակար չի եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործին, որքան Վիկտոր Օրբանը»։
ԱՄՆ փոխնախագահը նաև մերժել է ԵՄ-ի կողմից Օրբանի հասցեին հնչող քննադատությունը՝ այն որակելով որպես «սկանդալային»։
Նա Բուդապեշտ կատարած իր այցի պատճառը բացատրել է Հունգարիայի վարչապետին սատարելու ցանկությամբ։
«Ահա թե ինչու եմ ես այստեղ։ Սա աննախադեպ է։ Աննախադեպ է, որ ԱՄՆ փոխնախագահը ժամանի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Մենք դա անում ենք, քանի որ կարծում էինք, որ այս ընտրություններում Վիկտորի դեմ այնքան շատ վատ բաներ են տեղի ունեցել, որ մենք պարտավոր էինք ցույց տալ, որ ողջ աշխարհում կան բազմաթիվ մարդիկ և ընկերներ, ովքեր ընդունում են, որ Վիկտորն ու նրա կառավարությունը լավ գործ են անում։ Նրանք խաղաղության համար մղվող պայքարի չափազանց կարևոր գործընկերներ են»,- նշել է Ջեյ Դի Վենսը։
Վերադառնալով Ուկրաինայի հարցին՝ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հիասթափված են Եվրոպայի բազմաթիվ քաղաքական առաջնորդներից», ովքեր, ըստ նրա, «կարծես, թե առանձնապես շահագրգռված չեն այս հակամարտության հանգուցալուծմամբ»։
Այնուամենայնիվ, ԱՄՆ փոխնախագահի կարծիքով, Օրբանն «այն մարդն է, ով մեզ դրդեց իրապես հասկանալ այս հակամարտությունը»։
Վենսի խոսքով՝ աշխատանքները շարունակվելու են, սակայն Ուկրաինան և Ռուսաստանը նույնպես պետք է «տեղաշարժվելու որոշում» կայացնեն, ինչն, ըստ ամենայնի, ակնարկում է, որ Կիևը պետք է տարածքային զիջումների գնա՝ հակամարտությանը վերջ դնելու համար։
«Այն, ինչ կցանկանայի ասել թե՛ ռուսներին, թե՛ ուկրաինացիներին, հետևյալն է. այս պահին մենք խոսում ենք մի քանի քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ այս կամ այն սակարկությունների մասին։ Արդյո՞ք դա արժե Ռուսաստանի և Ուկրաինայի ևս հարյուր հազարավոր երիտասարդների կորստին։ Արդյո՞ք դա արժե էներգակիրների գների բարձրացման և տնտեսական փլուզման ևս մի քանի ամիսներին կամ նույնիսկ տարիներին։ Մենք կարծում ենք, որ պատասխանը միանշանակ բացասական է։ Բայց, գիտեք, տանգո պարելու համար երկուսն են հարկավոր։ Ուստի, թեև Վիկտորն ու նախագահ Թրամփը մտադիր են շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ, ըստ էության, մենք կարող ենք միայն դուռը բացել։ Ռուսներն ու ուկրաինացիներն անձամբ պետք է անցնեն այդ դռնով»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։




























