Զայրացած աֆղանցիները դուրս են եկել փողոց երկրի տարբեր մասերում` բողոքելով ամերիկացիների կողմից Ղուրանն այրելու դեմ եւ պահանջելով, որ ամերիկյան զինծառայողները շուտափույթ լքեն երկիրը: Հանրահավաքներից մեկն ընթանում է Պուլի-Չարխի շրջանում, որտեղ ցուցարարներն արգելափակել են Քաբուլ-Ջալալաբադ մայրուղին, մյուսը` Բաղրամի ռազմակայանի մուտքի մոտ:

Այստեղ բողոքի ակցիան այլեւս չի վերահսկվում: Ցուցարարներն այրել են մի քանի փայտե շինություններ եւ զինվորների վրա քարեր են նետել:

Աֆղանստանում ՄԱԿ-ի զորակազմի ղեկավարությունն ընդունել է, որ Բաղրամում իսկապես մի քանի Ղուրան է այրվել եւ ներողություն են խնդրել:

Ցուցարարների տեղեկություններով, Բաղրամի ռազմակայանում, որտեղ ամերիկյան բանտն է, Ղուրաններ են այրել: Աֆղանցի բանվորներին, որոնք փորձել են կանխել այդ արարքը, ամերիկացիները ցրել են, երկու աֆղանցի սպանվել էր: