Ես 60 տարի ավտոկրան եմ քշել, հետո դա թողեցի, 10 հատ հորթ առա, պահեցի, մեծացրի, շինեցի ամենքը 200 կիլո միս, բայց չէի կարողանում ծախել, մեր երիտասարդ քաղաքապետը օգնեց, որ մի կերպ ծախեցի. Տանում էի բազար, մի պիժոնի մեկը դեմս կտրում էր, ասում էր՝ իրավունք չունես։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, Կոտայքի մարզի գյուղերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց 87 տարեկան տարեց մի գյուղացի։
Վարչապետը նկատեց, որ այդտեղ սննդի անվտանգության խնդիր կա, ստանդարտներ կան. «Էն 60 տարի առաջվա ձևերը էլ չեն աշխատում, հիմա աշխարհը ուրիշ է, որովհետև, որովհետև որևէ մեկը, որ ուզում է իր երեխայի համար մի կիլո միս առնի, ուզում է համոզված լինի, որ այդ միսը նորմալ պայմաններում պահվել է, նորմալ պայմաններում մորթվել է, տեղափոխվել է խանութ։ Էն ժամանակ ես էլ եմ արել, ցուլիկը գցում էինք գետնին հողի վրա մորթում էինք։ Բայց հիմա մարդիկ փոխվում են, մարդը էլ այդպես միս չի ուզում առնի, ուզում է համոզված լինի, որ իր երեխան ուտելու է և որևէ խնդիր չկա։
Դրա համար մենք մեր նախընտրական ծրագրում 50 խելացի անասնագոմերի նախագիծ ենք ներդրել, որ տոհմային կենդանիների տեսակարար կշիռը մեծացնենք»,–ասաց Փաշինյանը։
Երբ մյուս գյուղացիները բարձրացրեցին ճանապարհների կառուցման հարցը, վարչապետն ասաց, որ բոլոր հարցերն էլ հերթով կլուծեն. «Միակ պայմանը նա է, որ խանութում թեկուզ մի տուփ աղ առնելիս ՀԴՄ կտրոնը ուզեք. «Այ ՀԴՄ կտրոնը կուզեք, ճամփեն էլ կկառուցենք, կոյուղին էլ կանենք, այն մյուս ճամփեն էլ կկառուցենք և ամեն ինչը կանենք։ Էդ գիտե՞ք ինչից է, որ հլը չի եղել, նրանից է, որ նախորդ շրջանում հիշում եք, որ ՀԴՄ-ն ընդհանրապես չեք վերցրել, այ դրանից է»։




























