Տեղյակ ենք, որ զենքեր եք առնում մեր հայրենիքի անվտանգության համար, Հնդկաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից, շատ լավ է, գովելի է, բայց մեր հայրենական գիտությանը մատերի արանքով եք նայում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, Կոտայքի մարզի գյուղերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց բնակիչներից մեկը։
Փաշինյանը անմիջապես կանչեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ով նշեց, որ 2017 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումն ավելացել է280%–ով, գիտնականների աշխատավարձը մինչև հիմա ավելացել է մինչև 300-400%–ով։
Գյուղացին պնդեց, որ միայն աշխատավարձով չի, պետք է արդյունք ստանալ, ինչին վարչապետն արձագանքեց. «ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրը նախորդ երեք տարվա ընթացքում 170 միլիարդ դրամի պատվեր է ստացել, և ամսի 28-ի զորահանդեսին կտեսնեք, թե տեղական արտադրության ինչ զենքեր կան։ Այդ ամեն ինչը գիտության ֆինանսավորման արդյունք է։
Այսօր Հայաստանում գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը ավելացել է ավելի քան 600-ով, այդքան երիտասարդ գիտնական է մտել գիտության մեջ։ Մեր գիտության արդյունքները ամսի 28-ին համեցեք Հանրապետության հրապարակ, կտեսնեք, թե Հայաստանի գիտությունը, այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտում, ինչ հաջողություններ է գրանցում»։




























