Երկու լավ նորություն եմ ուզում ձեզ հայտնել. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մենք այսօր դրական եզրակացություն տվեցինք երկու օրենսդրական նախաձեռնությունների։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Առաջինը վերաբերվում է շատ քննարկվող քրեական գործերի խնդրին, երբ հարկային խախտումների համար հարուցվում են քրեական գործեր և տնտեսվարողները գնում են քննչական կոմիտե։ Մենք նախ էականորեն բարձրացրել ենք քրեական գործ հարուցելու շեմը. ներկայումս 10 միլիոն դրամի փոխարեն խախտումը պետք է լինի մեկ տարվա համար 30 միլիոն դրամ կամ երկու տարվա համար 45 միլիոն դրամ, որպեսզի քրեական գործ հարուցվի։
Եվ երկրորդը մենք օրենսդրական փոփոխություններով բացառել ենք այն հնարավորությունը, որ կիսատ-պռատ հաշվարկների, նախնական հաշվարկների վրա կարող են տնտեսվարողին լրացուցիչ հարկեր առաջադրվել և միանգամից քրեական գործ հարուցվի։ Այսինքն կլինեն ֆիլտրեր, կլինեն խորքային ուսումնասիրություններ և տնտեսվարողը հնարավորություն կունենա ՊԵԿ–ի հետ մինչև վերջ ճշտել իր հարաբերությունները։
Այս որոշման արդյունքում արդեն ընթացքում գտնվող մոտ 600 գործեր ավտոմատ կկարճվեն իսկ հետագայում չեն կուտակվի հենց այս մեխանիզմի շնորհիվ։
Երկրորդ փոփոխությունը վերաբերվում է ոսկյա զարդերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող մեր տնտեսվարողներին։ Մենք փոխում ենք ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգը, և այսուհետ ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի, ոչ թե ոսկյա զարդի վաճառքի վերջնական գնից, այլ եթե արտադրող է այդ վաճառքի գնից կհանվի հումքի՝ ոսկու և թանկարժեք քարերի արժեքը, իսկ եթե վերավաճառող է, ավելացված արժեքի հարկը կգանձվի այդ զարդի ձեռք բերման և վաճառքի գնի տարբերությունից, ինչը կարծում եմ մեր տեղական ոսկերչական արտադրանքի գինը կիջեցնի և կդարձնի ավելի մրցունակ։
Երկու նախագծերն էլ Ազգային ժողով են եկել անհետաձգելի ռեժիմով, այսինքն քննարկվում են արագացված ընթացակարգով և կարծում եմ, որ մենք մինչև այս ամսվա վերջ կամ ամենաուշը հաջորդ ամսվա սկիզբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած կլինենք այդ նախաձեռնությունները»,–ասաց նա։





























