Արցախի 4-րդ նրբանցքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերը կանգնած են փլուզման վտանգի եզրին, քանի որ այդ հատվածով անցնող կոյուղագիծը շուրջ 3 ամիս է ինչ խցանվել է ու արդյունքում կոյուղաջրերը լցվել են շենքերի նկուղները` ստեղծելով հակահիգիենիկ եւ վթարային վիճակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց «Դողագործ» ՓԲ ընկերության նախագահ Հարություն Հարոյանը:

Նրա խոսքով, այդ կոյուղին 3 ամիս է խցանված է, սակայն չի կարողանում «Ջրմուղկոյուղի» ընկերության աշխատակիցներին համոզել, որ գան այդ կոյուղին բացեն: «Ես սա ասում եմ, որովհետեւ հնարավոր է այդ շենքերը փուլ գան: Եվ որպեսզի իրենք չկարողանան պատասխանատվությունից խուսափել պատճառաբանելով, թե իրենք տեղյակ չեն: Իրենք ասում են, թե այդ կոյուղին պատկանում է Երեւանի ՋԷԿ-ին: Հրավիրեցինք ՋԷԿ-ի գլխավոր ինժեներին եւ նա հիմնավորեց, որ դա քաղաքային կոյուղագիծ է ու մաքրելը լրիվ «Ջրմուղկոյուղու» պարտականությունների մեջ է մտնում»,- պատմեց Հարություն Հարոյանը:

Նրա փոխանցմամբ, նախկինում եւս նման խնդրի առաջ կանգնել են եւ բնակիչները սեփական ուժերով են խնդրին լուծում տվել, սակայն այսօր դա հնարավոր չէ, քանի որ ոչ տեխնիկա կա, ոչ էլ` ֆինանս: «Բնակիչները ի վիճակի չեն վճարելու: Իրենք ջրի գումարը տալիս են, բայց «Ջրմուղկոյուղին» մոռանում է, որ ինքը ջրմուղ կոյուղի է կոչվում: Ջրի գումարները հավաքում են, բայց կոյուղին մնացել է բարցիթողի վիճակում»,- բնակիչների անունից ահազանգեց Հարություն Հարոյանը առաջարկելով պատկան մարմիններին լուծում տալ իրենց խնդրին` պարտականությունները մի մարմնից մյուսի ուսին գցելու փոխարեն:

«Ջրմուղկոյուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Մանասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրականում կոյուղու հետ կապված բոլոր խնդիրներն իրենք 3 օրվա ընթացքում հարթում են: «Այսինքն` բոլոր այն հորերը, որոնք մեր վարձակալության ներքո են, մենք 3 օրում պարտավորվում ենք մաքրել: Բայց կա մեկ այլ խնդիր, որը ներքին ցանց հասկացողությունն է եւ դա մեր մեծագույն գլխացավանքն է դարձել: Խնդիրն այն է, որ ամբողջ ցանցը մեզ վարձակալության չի հանձնվել կա մի հատված, որը մնացել է համատիրության, թաղապետարանի կամ քաղաքապետարանի հայեցողության ներքո եւ նրանք չունենալով այդ համապատասխան սարքավորումները չեն կարողանում հանձն առնել մաքրելու այդ հորերը եւ խնդիրների առաջ կանգնում ենք մենք»,- պարզաբանեց Անահիտ Մանասյանը եւ ավելացրեց, որ եթե այդ տարածքն իրենց իրավասությանը հանձնված լինի, իրենք կպարտավորվեն լուծել ստեղծված խնդիրը:

Իսկ ահա Հարություն Հարոյանը պնդում է, որ ոչ մի ներքին ցանց էլ չկա եւ ամբողջ պատասխանատվությունը «Ջրմուղկոյուղի» ընկերության վրա է: