Լրացուցիչ վերանայումից և հանրային բողոքից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը չեղյալ է հայտարարել Դոմինիկյան Հանրապետությունում պատվավոր հյուպատոսի պաշտոնում նախկին մոդել Վիկտորիա Յակիմովայի արտոնագիրը։ Պատճառը նրա անկեղծ լուսանկարներն են և ռուսական գլխազարդով՝ կոկոշնիկով ֆոտոշարքը։ Այս մասին տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Բացի այդ, որոշվել է հետ կանչել Կուբայում Ուկրաինայի դեսպանին, քանի որ հենց նա էր Դոմինիկյան Հանրապետության Լա Ռոմանա քաղաքում պատվավոր հյուպատոսի պաշտոնի համար առաջադրել Վիկտորյա Յակիմովայի թեկնածությունը։

ԱԳՆ-ից պարզաբանել են, որ, ի տարբերություն դիվանագիտական ծառայության կազմում ընդգրկված հյուպատոսների, պատվավոր հյուպատոսները ԱԳՆ աշխատակիցներ չեն. նրանք չեն գտնվում պետական կամ դիվանագիտական ծառայության մեջ, աշխատավարձ կամ պետբյուջեից միջոցներ չեն ստանում և օժտված չեն Ուկրաինայի քաղաքական ներկայացուցչության գործառույթներով:

Արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ Վիկտորյա Յակիմովայի թեկնածությունը պատվավոր հյուպատոսի պաշտոնում ընտրելիս Կուբայում Ուկրաինայի դեսպանը առաջնորդվել է ԱԳՆ համապատասխան կարգով սահմանված չափանիշներով։ «Հանրային գործունեության և Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ ստուգումն իրականացվել է Ուկրաինայի իրավասու մարմինների ներգրավմամբ, իսկ նշանակման վերաբերյալ առարկություններ չեն եղել», - ընդգծել են նախարարությունից: