ԼՂՀ Ազգային ժողովի նոյեմբերի 25-ի լիագումար նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանին հարցրել է, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է Euronews-ի այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մյունխենյան հանդիպման ժամանակ զգալի առաջընթաց է գրանցվել, մասնավորապես՝ հայկական կողմը համաձայնվել է վերադարձնել բոլոր յոթ շրջանները՝ պահպանելով, սակայն, Լաչինի միջանցքի վրա իր վերահսկողությունը, և որ սկսվել են շրջանակային համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները:

Այս առնչությամբ Գ. Պետրոսյանն ասել է. «Մենք ներկայում ճշտում ենք բոլոր մանրամասները, բայց արդեն իսկ ունեցած մեր տեղեկությունների հիման վրա կարող եմ ասել, որ էական տեղաշարժ ոչ միայն չի եղել, այլև կողմերը խստացրել են իրենց դիրքորոշումը: Ճիշտ է, մադրիդյան սկզբունքների հիման վրա են ընթանում բանակցությունները, բայց Հայաստանը մի քանի նոր տարր է մտցրել: Իսկ շրջանակային համաձայնագրի նախապատրաստման մասին տեղեկություններ չունենք»:

Նշենք, որ թեեւ համանախագահները պարբերաբար հայտարարում են, որ իրենք ԼՂ ղեկավարությանը տեղեկացնում են բանակցային գործընթացի մանրամասներին, սակայն, ինչպես նշում է Գ. Պետրոսյանը, իրենք դեռ ճշտում են մյունխենյան հանդիպման մանրամասները: Սա նշանակում է, որ Ղարաբաղյան կողմը ամբողջությամբ անտեսված է բանակցային գործընթացում, այնինչ մինչեւ 1998 թվականը միջնորդների բոլոր առաջարկներն ուղարկվում էին Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ եւ բանակցությունները ունեին եռակողմ ձեւաչափ: