Առաջիկա օրերին դեպի Եվրոպա ճամփորդությունների կարգը կարող է էապես փոխվել, հայտնում է Euronews-ը։

Եվրոպական միության Մուտքի և ելքի համակարգը (EES), որի փուլային ներդրումը սկսվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 12-ին եվրոպական 29 երկրներում, լիարժեք կգործարկվի 2026 թվականի ապրիլի 10-ից։

Սա նշանակում է, որ անձնագրերում դրվող կնիքներին կփոխարինի մուտքի և ելքի թվային գրանցումը։ Համակարգը կֆիքսի նաև ԵՄ անդամ չհանդիսացող այն անձանց մուտքի մերժումները, որոնք կատարում են կարճաժամկետ այցեր։

Կգրանցվեն նաև կենսաչափական տվյալները, մասնավորապես՝ դեմքի պատկերն ու մատնահետքերը, ինչպես նաև ճամփորդական փաստաթղթում օգտագործվող տվյալները։

Այս նոր համակարգը ներդրվել է ԵՄ սահմանների պահպանության և ներգաղթի վերահսկողության համակարգերի արդիականացման, ինչպես նաև հանցավորության ու խարդախության մակարդակի նվազեցման և անվտանգության սպառնալիքների բացահայտման նպատակով։

Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ համակարգի ներդրման պահից ի վեր ավելի քան 24,000 մարդու մուտքը մերժվել է այնպիսի պատճառներով, ինչպիսիք են ժամկետանց և կեղծ փաստաթղթերը կամ այցի նպատակը լիարժեք հիմնավորելու անկարողությունը։ Ավելի քան 600 անձ նույնպես նույնականացվել է որպես Եվրոպայի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող։

EES համակարգը տարածվում է ԵՄ/Շենգենյան գոտու անդամ չհանդիսացող այն երկրների քաղաքացիների վրա, որոնք մեկնում են Եվրոպական միություն կամ Շենգենյան գոտի՝ 180 օրվա ընթացքում մինչև 90 օր տևողությամբ կարճաժամկետ այցերի նպատակով։

Այն վերաբերում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, ինչպես նաև առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող անձանց՝ անկախ այցի նպատակից (զբոսաշրջություն կամ գործնական)։ Համակարգը տարածվում է նաև ԵՄ-ում անշարժ գույք ունեցող, բայց կացության կարգավիճակ չունեցող անձանց վրա։

Այնուամենայնիվ, Իռլանդիան և Կիպրոսը չեն կիրառելու EES համակարգը, ինչը նշանակում է, որ այնտեղ անձնագրային ստուգումը նախկինի պես կիրականացվի ձեռքով։

EES ծրագրի պահանջները չեն տարածվում որոշ քաղաքացիների վրա։

Այս բացառությունների մեջ մտնում են ԵՄ և Շենգենյան գոտու անդամ երկրների քաղաքացիները, ինչպես նաև այդ երկրներում երկարաժամկետ վիզա կամ կացության կարգավիճակ ունեցող անձինք (ներառյալ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները)։

Գրանցման պարտավորություն չունեն նաև ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները (ովքեր ունեն կացության թույլտվություն) և սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչները, որոնք օգտվում են սահմանի հատման պարզեցված թույլտվությունից

Բացառությունների շարքում են նաև միջազգային չվերթների և ուղերթների անձնակազմերը, ինչպես նաև այն զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնք գործուղման մեջ են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կամ ՆԱՏՕ-ի համաձայնագրերի շրջանակում։

Որոշակի արտոնություններ կարող են գործել նաև Շենգենյան գոտում սկսվող և այնտեղից դուրս եկող կրուիզային ուղևորությունների համար։

Անդորրայի, Սան Մարինոյի, Վատիկանի և Մոնակոյի քաղաքացիները նույնպես ազատված են EES ընթացակարգից։