ԱՄՆ-ի և կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերությունները փոխվել են հունվարից ի վեր, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կոշտ հայտարարություններ են փոխանակել Վատիկանի ներկայացուցչի հետ, գրում է The New Republic-ը։
Հռոմի Լևոն XIV պապի՝ աշխարհի դրության մասին ելույթից մի քանի օր անց պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբին Պենտագոնում փակ հանդիպման է հրավիրել Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Քրիստոֆ Պիեռին՝ նրա գլխին դասախոսություն կարդալու համար, գրում է պարբերականը։
«Միացյալ Նահանգները,- հայտարարել է Քոլբին, ըստ The Free Press-ի սենսացիոն նոր հաղորդագրության,- ունի ռազմական ուժ, որը նրան հնարավորություն է ընձեռում անել աշխարհում խելքին փչածը։ Կաթոլիկ եկեղեցին ավելի լավ կանի՝ անցնի նրանց կողմը»։
Հանդիպմանը ներկա ամերիկացի պաշտոնյաներից մեկը խոսել է Ավինյոնի պապականության մասին՝ 14-րդ դարի այն ժամանակաշրջանի, երբ ֆրանսիական միապետությունը ենթարկվել է կաթոլիկ եկեղեցուն՝ հրամայելով հարձակում կատարել Հռոմի պապ Բոնիֆացիոս VIII-ի վրա, ինչը հանգեցրել է նրա անկմանը, ապա՝ մահվանը, և պապականությանը ստիպել է Հռոմից տեղափոխվել Ֆրանսիայի ներսում տարածաշրջան՝ Ավինյոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առարկել է իր ռազմատենչ հակումներին առնչվող Հռոմի պապի քննադատությանը։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Պենտագոնի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հատկապես վրդովված էին Հռոմի պապի հունվարի 9-ի ելույթի այն հատվածներից, որոնցում նա պնդում էր, որ «դիվանագիտությունը, որը խրախուսում է երկխոսությունը և ձգտում է բոլոր կողմերի միջև համաձայնության, փոխարինվում է ուժի վրա հիմնված դիվանագիտությամբ», և որ «պատերազմը կրկին նորաձև է, և պատերազմի ծարավը ավելի լայն տարածում է գտնում աշխարհում»։
Հռոմի պապի ելույթը տող առ տող վերլուծության է ենթարկվել և մեկնաբանվել է որպես վարչակազմի նկատմամբ թշնամական ուղերձ, ասվում է Հռոմի պապին նվիրված Letters from Leo բլոգի հեղինակ Քրիստոֆեր Հեյլի նամակում։
Դժվար էր չմեկնաբանել քահանայապետի հայտարարությունները որպես ուղիղ մեկնաբանություն Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի վերաբերյալ, որն այդ ժամանակ ռմբակոծում էր Իրանի միջուկային օբյեկտները, առևանգում Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին, բուռն կերպով պաշտպանում էր ՆԱՏՕ-ի լուծարումը և սպառնում Ամերիկայի դաշնակիցներին, այդ թվում՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը վերահսկողություն կսահմանի Կանադայի և Գրենլանդիայի նկատմամբ։
Սակայն լրատվամիջոցները շեշտում են, որ այդ աղաղակող սպառնալիքի մարտավարությունն իր տեսակի մեջ առաջինն է, որն ամերիկացի պաշտոնյաները երբևէ կիրառել են կաթոլիկ եկեղեցու դեմ։
Պարբերականը, սակայն, նշում է, որ չկան հրապարակային գրառումներ Վատիկանի և ԱՄՆ պաշտոնյաների միջև Պենտագոնում նախորդ հանդիպումների, առավել ևս այն դեպքերի մասին, երբ որևէ համաշխարհային տերություն ենթադրել է, որ կարող է բռնի կերպով գերի վերցնել Հռոմի քահանայապետին։
Վատիկանն այնքան էր անհանգստացել Պենտագոնի նախազգուշացումից, որ Հռոմի պապը չեղյալ հայտարարեց այս տարի ԱՄՆ այցելելու իր ծրագրերըգրում է Հեյլը, որը նշել է, որ «Վատիկանում շատերը Ավինյոնի պապականությանը Պենտագոնի հղում կատարելը ընկալեցին որպես Սուրբ Աթոռի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիք»։
Լարվածությունը մինչև փետրվար չէր նվազել, երբ Սուրբ Աթոռը մերժեց Սպիտակ տան հրավերը՝ հուլիսին Ամերիկայի 250-ամյակի տոնակատարության համար ԱՄՆ-ում ստեղծված կրոնական միաբանության առաջին պապին հյուրընկալելու համար։
Փոխարենը, կաթոլիկ առաջնորդը համաձայնեց հուլիսի 4-ին այցելել բոլորովին այլ վայր՝ Լամպեդուզա՝ Թունիսի և Սիցիլիայի միջև փոքրիկ կղզի, որտեղ ժամանում են Հյուսիսային Աֆրիկայից հազարավոր ներգաղթյալներ։ «Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն չափազանց խոհեմ մարդ է այդ ամսաթիվը պատահականորեն ընտրելու համար», - մեկնաբանել է Հեյլը։
Սպիտակ տունն ամբողջությամբ հերքել է այդ տեղեկությունը, լրագրող Բարբարա Սթարին ուղղված հայտարարության մեջ գրելով, որ The Free Press-ի տրած հանդիպման բնութագրումը խիստ չափազանցված և աղավաղված է»։
«Պենտագոնի և Վատիկանի պաշտոնյաների միջև հանդիպումը հարգալից և ողջամիտ քննարկում էր,- շարունակել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: -Մենք միայն խոր հարգանք ունենք Սուրբ Աթոռի նկատմամբ և ողջունում ենք երկխոսության շարունակումը»։





























