Հայ ազգային կոնգրեսը լուրջ բանակցություններ է վարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, որը գլխավորում է գործարար Սամվել Կարապետյանը, որը ղեկավարում է ռուսական «Տաշիր» ընկերությունների խումբը, եւ մոտ էր դաշինք կազմելուն, սակայն հետո տեղի է ունեցել շրջադարձ։ Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ շրջադարձը բխում է հաջողության հասնելու նրանց տարբեր տեսլականներից։
«Երկու տարի մենք ներգրավված ենք եղել համախմբման գործընթացում եւ քննարկումներ ենք ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ։ Մենք ցանկանում էինք ստեղծել մի բեւեռ, որը կդառնար Նիկոլ Փաշինյանի (ՀՀ ներկայիս վարչապետ- խմբ.) կառավարության հիմնական այլընտրանքը։ Եթե «Ուժեղ Հայաստանի» հետ այս դաշինքը կազմվեր, դա զգալի ազդեցություն կունենար Հայաստանի վրա, ինչը ես անձամբ կանվանեի հեղափոխական էֆեկտի աճ»։ «Սա կարեւոր ազդանշան կլիներ, հատկապես չկողմնորոշված զանգվածի համար»,- նշել է Զուրաբյանը։
Ըստ նրա՝ «Ուժեղ Հայաստանի» ծրագրերը որոշ պահի փոխվել են։
«Այսինքն՝ նրանք դարձան այլ ռազմավարության կողմնակիցներ, այն է՝ ընտրական տեխնոլոգիաների կիրառման»,- բացատրել է վարչապետի թեկնածուն։
Ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է, որ իրենք հարգում են նրանց որոշումը եւ մաղթում հաջողություն, քանի որ, վերջին հաշվով, նրանք աշխատում են նույն նպատակի համար՝ ազատել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։





























