Իրանական բանակցային պատվիրակությունը, որը գլխավորում է Իսլամական խորհրդատվական ժողովի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ժամանել է Իսլամաբադ՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների համար, հաղորդում է Pars Today-ը։

Պատվիրակության կազմում են անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական և իրավական կոմիտեների ներկայացուցիչներ։

Եթե մյուս կողմն ընդունի Իրանի՝ բանակցությունները սկսելու նախապայմանները, այդ բանակցությունները կսկսվեն։

Այս ուղևորության ընթացքում Ղալիբաֆին ուղեկցում են արտգործնախարար Աբբաս Արաղչին, Գերագույն պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատին և մի քանի պատգամավոր։

Նշվում է, որ Իսլամաբադում գտնվող իրանական պատվիրակությունն, ըստ գնահատականների, բաղկացած է մոտավորապես 70 մարդուց։ Հիմնական բանակցողներից բացի, պատվիրակության կազմում են նաև տնտեսական, անվտանգության և քաղաքական ոլորտների տեխնիկական և մասնագիտացված կոմիտեների 26 անդամներ՝ բանակցությունների խիստ զգայուն բնույթը հաշվի առնելով անհրաժեշտ խորհրդատվություններ ապահովելու համար։

Բացի դրանից, պատվիրակության կազմում են ընդգրկվել նաև լրատվամիջոցների 23 ներկայացուցիչներ։

Պատվիրակության մնացած մասը բաղկացած է արարողակարգային և համակարգող խմբերից, թարգմանիչներից և անվտանգության աշխատակիցներից։