Մինչ Իրանի վրա ռումբեր էին ընկնում, և աշխարհի տարբեր ծայրերում վարորդները հուսահատությամբ հետևում էին բենզինի գների բարձրացմանը, որոշ մարդիկ կարողացան փող դիզել պետական գաղտնիքներին հասանելիության շնորհիվ: Մասնավորապես, ԱՄՆ կառավարության շրջանակների մարդիկ, որոնք գիտեին, թե ինչ է անելու նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Bild-ը:
Մի քանի լրատվամիջոց, որոնց թվում՝ ավստրիական Der Standard պարբերականը, գրել են այդ կասկածների մասին: Նրանք հիշատակում են մի հատկապես ցայտուն դեպք. մարտի 23-ի վաղ առավոտյան հանկարծակի կնքվել են կես միլիարդ դոլարի գործարքներ: Financial Times-ի վերլուծաբանների կարծիքով՝ ներգրավված կողմերը հստակորեն հույս ունեին նավթի գների արագ անկման վրա: Ընդամենը 15 րոպե անց Դոնալդ Թրամփը գրառում հրապարակեց Truth Social-ում՝ հայտարարելով, որ Իրանին ուղղված վերջնագիրը կերկարաձգվի: Երկրի էներգետիկ օբյեկտները ոչնչացնելու իր սպառնալիքը կատարելու փոխարեն, նախագահը հանկարծ սկսեց խոսել «արդյունավետ բանակցությունների» մասին: Արդյունքում, նավթի գինը նվազեց, և այդ նույն բորսային սպեկուլյանտը շահեց:
Ինչ-որ մեկը շահավետ խաղադրույք կատարեց Մադուրոյի ձերբակալության վրա
Կասկածելի վարքագիծ է նկատվում նաև Polymarket-ի նման հարթակներում, որտեղ կարելի է խաղադրույք կատարել գործնականում ամեն ինչի վրա: Օրինակ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության վրա: Անանուն օգտատերը 410 հազար դոլարի շահույթ է ստացել՝ ընդամենը մոտ 34 հազար դոլարի խաղադրույք կատարելով: Նա խաղադրույք է կատարել խիստ անհավանական իրադարձության վրա, որ ԱՄՆ հատուկ նշանակության ջակատներն արդեն հունվարին կձերբակալեն Մադուրոյին։
Der Standard-ի տվյալներով՝ Polymarket-ի վեց հաշիվներ միասին 1,2 միլիոն դոլարի շահույթ են ստացել՝ խաղադրույք կատարելով Իրանի առաջնորդ Խամենեիի սպանության վրա: Bubblemaps վերլուծական ընկերության տվյալներով՝ այդ հաշիվները ֆինանսավորվել են Իրանի վրա ավիահարվածներից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Իսկ ինչ-որ մեկը խաղադրույք է կատարել Խամենեիի սպանության վրա
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը նույնպես կասկածի տակ է հայտնվել ինսայդերական տեղեկությունների (insider information, ցանկացած տեղեկություն, որը հայտնի է տվյալ աղբյուրին մոտ կանգնած մարդկանց որոշակի շրջանակին և հասանելի չէ մյուս մարդկանց –խմբ.) առևտրի մեջ: Financial Times-ի տվյալներով՝ Իրանի հետ պատերազմից կարճ ժամանակ առաջ նրա շրջապատի միջնորդը, ենթադրաբար, ուսումնասիրել է պաշտպանական ոլորտում միլիոնավոր դոլարների ներդրումների հնարավորությունը: Արդյո՞ք Հեգսեթը մտադիր էր շահույթ ստանալ սպասվող պատերազմի մասին իր տեղեկություններից: Պենտագոնի ներկայացուցիչը կտրականապես հերքել է մեղադրանքը։
Եվ սա դեռ ամենը չէ. արդեն 2025 թվականի ապրիլին, Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացումից մի քանի րոպե անց, Թրամփը գրել էր, որ սա «հիանալի ժամանակ» է բաժնետոմսեր գնելու համար: Ընդամենը մի քանի ժամ անց նա կասեցրեց մաքսատուրքերը աշխարհի երկրների մեծ մասի համար, ինչը հանգեցրեց ֆոնդային շուկաների աճի: Դեմոկրատներն արդեն խոսում էին «ինսայդերական առևտրի սկանդալի» մասին:
«Սա կոռուպցիա է: Անհավանական, ապշեցուցիչ կոռուպցիա»,- վերջին մեղադրանքների վերաբերյալ հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին: Սպիտակ տունը, սակայն, հայտարարեց, որ եթե պետական պաշտոնյաները գումար են վաստակում ինսայդերական տեղեկատվությունից, նախագահի վարչակազմը դա չի հանդուրժի:





























