Իրանի խորհրդարանի խոսնակը և ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իսլամաբադի օդանավակայանում հայտարարել է, որ Իրանն ունի բարի կամք, սակայն՝ վստահության պակաս, հաղորդում է Pars Today-ը։

«Ցավոք, ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ էլ եղել է ձախողումներով և պայմանավորվածությունների խախտումներով։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում երկու անգամ, բանակցությունների ընթացքում, չնայած իրանական կողմի բարի կամքին, նրանք հարվածներ հասցրին մեզ և բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարեցին։

Առաջիկա բանակցություններում, եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի իրական համաձայնության և Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության, նրանք կտեսնեն նաև մեր պատրաստակամությունը համաձայնության հասնելու համար։

Սակայն ներկայիս պատերազմում մենք նրանց ցույց ենք տվել, որ եթե ցանկանում են բանակցություններն օգտագործել դատարկ բեմականության և խաբեության գործողություն իրականացնելու համար, մենք պատրաստ ենք ապահովել մեր իրավունքները»,- նշել է Ղալիբաֆը։