Պակիստանի մայրաքաղաքում ընթացող ամերիկա-իրանական բանակցությունների ելքը անհնար է կանխատեսել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ անվստահության հսկայական պատի պատճառով, սակայն հույս կա, որ երկխոսությունը թույլ կտա կանխել բռնության կրկնությունը եւ «համաշխարհային տնտեսության էլ ավելի մեծ կորուստները»։ Այսպիսի կարծիք է հայտնվել Dawn թերթի խմբագրական հոդվածում։
Խիստ դժվար կլինի հասնել նշանակալի արդյունքների, կարծում է պարբերականը։ Լավագույն դեպքում կարելի է սպասել, որ ԱՄՆ-ը եւ Իրանը կհամաձայնեն շարունակել բանակցությունները։ Վատագույն դեպքում դիվանագիտական ջանքերը կարող են փակուղի մտնել, եթե կոնսենսուս ձեռք չբերվի առանցքային հարցերում եւ Իսրայելը շարունակի գրոհները Լիբանանում։
Իրանական կողմի առաջարկած որոշ կետերի հարցում ԱՄՆ-ը կարող է ընդառաջել։ Դա վերաբերում է պատժամիջոցները մասամբ կամ լրիվ հանելուն եւ ռեպարացիաների վճարմանը պատճառած վնասի համար։ Սակայն տարածաշրջանից ամերիկացի զինվորականների դուրսբերման վերաբերյալ Իրանի պահանջները եւ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումը շատ ավելի բարդ կլինեն՝ համաձայնության գալու իմաստով, նշվել է հրապարակման մեջ։
Dawn-ը մեջբերել է նաեւ իրանցի պաշտոնյայի հայտարարությունը, որը պարբերականին ասել է, որ Իրանը «ստիպել է դադարեցնել գրոհները Բեյրութում՝ դա բանակցությունների կարմիր գիծ նշելով։ Զրուցակիցը «հստակ հասկացրել է, որ եթե Իսրայելը նորից հատի այն, բանակցությունները կդադարեցվեն»։



























