ԵՐԵՎԱՆ։ Ապրիլի 10-ին Հայ Բրիտանական Առևտրի Պալատը (ABBC) Red Bridge Yerevan-ում անցկացրեց իր տարեկան ընդհանուր ժողովը՝ համախմբելով անդամ ընկերություններին, գործընկերներին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչներին։
Միջոցառմանն ընդգծվեց Պալատի դերը Հայաստան–Միացյալ Թագավորություն տնտեսական գործակցության զարգացման գործում։ Բացման խոսքով հանդես եկան Խորհրդի նախագահ Արամ Փինաջյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը՝ ընդգծելով տնտեսական երկկողմ գործակցության կարևորությունը։
Այս տարվա ժողովը հատկապես խորհրդանշական էր, քանի որ Պալատին արդեն անդամակցել է ավելի քան 100 ընկերություն։
Միջոցառմանը հայտարարվեց Պալատի ռազմավարական հաջորդ քայլերից մեկի մասին՝ միանալ Համաշխարհային առևտրի պալատների ցանցին, ինչը նշանակալի առաջընթաց է Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացնելու տեսանկյունից։
Պալատի գործադիր տնօրեն տիկին Լուսին Աչոյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և նշեց․ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը՝ ստեղծել հուսալի հարթակ բիզնեսի համար, խթանել երկխոսությունը պետական և մասնավոր հատվածների միջև և նպաստել Հայաստան–Միացյալ Թագավորություն տնտեսական կապերի խորացմանը: Մենք հպարտ ենք ներկայացնել ավելի քան 100 անդամ ընկերություններից բաղկացած համայնք ` նպաստելով Հայաստանում գործարար միջավայրի զարգացմանը»:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Պալատի անդամ հասարակական կազմակերպությունների սոցիալական և բնապահպանական նախաձեռնությունները։
Հայ Բրիտանական Առևտրի Պալատը շարունակում է իր ակտիվ գործակցությունը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության, և Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության կառավարությունների հետ՝ նպաստելով երկկողմ առևտրի և ներդրումային միջավայրի զարգացմանը։





























