ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնյային։

Պաշտոնյայի խոսքով՝ Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը նույնպես կլինեն բանակցություններին մասնակցող ԱՄՆ պատվիրակության կազմում։

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները կգլխավորեն համապատասխանաբար նրանց դեսպաններ Եչիել Լեյթերը և Նադա Համադե Մոավադը։

«Այս զրույցը կշարունակի երկխոսությունը այն մասին, թե ինչպես ապահովել Իսրայելի հյուսիսային սահմանի երկարաժամկետ անվտանգությունը և աջակցել Լիբանանի կառավարության վճռականությանը՝ վերականգնելու իր տարածքի և քաղաքական կյանքի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը», - ասել է պաշտոնյան։

«Իսրայելը պատերազմի մեջ է Հեզբոլլահի հետ, այլ ոչ թե Լիբանանի, ուստի չկա որևէ պատճառ, որ երկու հարևանները չխոսեն», - հավելել է նա։

Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները նախատեսված են երեքշաբթի օրը Վաշինգտոնում։ Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ բանակցությունները «Լիբանանի պատասխանատվությունն են, այլ ոչ թե որևէ այլ կողմի»։

Մինչդեռ, լիբանանյան արմատական ​​«Հեզբոլլահ» շարժումը Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները համարում է «անօգուտ» և դեմ է դրանց։