ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգերը հայտնվել են զարգացած երկրների վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականներում։ Ցուցանիշները վերաբերում են վաղաժամ մահացության այն դեպքերին, որոնք հնարավոր կլիներ կանխել պատշաճ բժշկական օգնության պարագայում։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով Հանրային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (IPPR) զեկույցին, որն ընդգրկում է 22 երկիր։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիան զբաղեցրել է նախավերջին տեղը, թեև առողջապահական ծախսերը հասել են ռեկորդային 242 միլիարդ ֆունտի (327 միլիարդ դոլար)՝ 10 տարի առաջ գրանցված 179 միլիարդ ֆունտի փոխարեն։ Այսպիսով՝ 2023 թվականին Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր 100 հազար բնակչից մահացել է ավելի քան 70-ը, որոնց կյանքը հնարավոր էր փրկել։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում է ԱՄՆ-ն, որտեղ այդ ցուցանիշը կազմում է շուրջ 95 մահ։

Համեմատության համար նշենք, որ վարկանիշային աղյուսակը գլխավորող Շվեյցարիայում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 34 մահ, իսկ հաջորդող երկրներում՝ Հարավային Կորեայում, Շվեդիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Ճապոնիայում՝ 50-ից պակաս։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան միջինից ցածր արդյունքներ է գրանցել սրտի կաթվածից հետո առաջին 30 օրվա ընթացքում հիվանդների գոյատևման ցուցանիշով։

Զեկույցում նշվում է, որ բրիտանական առողջապահական համակարգում միջոցները սխալ են բաշխվում. դրանք հիմնականում ուղղվում են աշխատավարձերի վճարմանը, այլ ոչ թե ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերմանը։ Օրինակ՝ թագավորությունում մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում ընդամենը 19 ՄՌՏ, ՀՏ կամ ՊԷՏ սարքավորում, մինչդեռ հարկերի հաշվին ֆինանսավորվող այլ համակարգերում այդ թիվը հասնում է 50-ի, իսկ սոցիալական ապահովագրության համակարգ ունեցող երկրներում՝ 68-ի։