Ավիացիոն վառելիքը դեռ երկար ժամանակ թանկ կմնա՝ նույնիսկ ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված զինադադարի պայմաններում։ Financial Times-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Virgin Atlantic-ի գլխավոր տնօրեն Քորնիլ Քոստերը։ Նրա խոսքով՝ ավիավառելիքի գները դեռևս ավելի քան կրկնակի անգամ գերազանցում են նախաճգնաժամային մակարդակը, իսկ ձգձգվող հակամարտությունը բացասաբար կանդրադառնա նաև փոխադրումների համաշխարհային պահանջարկի վրա։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ղեկավար Վիլլի Ուոլշը նույնպես զգուշացրել է, որ մատակարարումների վերականգնումը կտևի մի քանի ամիս (նույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորումից հետո), քանի որ Մերձավոր Արևելքի նավթավերամշակման ենթակառուցվածքները մասշտաբային վնասներ են կրել։

Ծախսերի կտրուկ ավելացումը ստիպել է ավիափոխադրողներին անցնել կոշտ միջոցների: Virgin Atlantic-ն արդեն վերանայել է գնային քաղաքականությունը՝ սահմանելով 50-ից մինչև 360 եվրո լրացուցիչ վառելիքային տուրքեր։ Մի շարք փոխադրողներ, այդ թվում՝ ավստրալական Jetstar-ը և նորզելանդական Air New Zealand-ը, հայտարարել են չվերթների չեղարկման մասին։