Իսպանիայի կառավարությունը հաստատել է 500 հազար անօրինական ներգաղթյալի օրինական կարգավիճակ տրամադրելու ծրագրերը, որոնք նրանց պաշտոնական աշխատանք գտնելու հնարավորություն կտան։
Վարչապետ Պեդրո Սանչեսն իր կառավարության որոշումն անվանել է «արդարադատության ակտ» և անհրաժեշտություն Իսպանիայի համար։
Սոցիալական ցանցերում տեղադրված՝ իսպանացի ժողովրդին ուղղված նամակում Սանչեսը նշել է, որ զանգվածային օրինականացման նպատակն է «ճանաչել գրեթե կես միլիոն մարդկանց գոյության իրականությունը, որոնք արդեն մեր առօրյա կյանքի մասն են կազմում»։
Պահպանողական ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ) խոստացել է խոչընդոտել օրինականացմանը, որը, ըստ նրա, խրախուսում է անօրինական ներգաղթյալներին և կնպաստի նորերի հոսքին։
Կառավարության ծրագիրը նախատեսում է անօրինական ներգաղթյալներին տրամադրել մեկ տարվա բնակության թույլտվություն՝ երկարաձգման հնարավորությամբ։
Մասնակցությանը հավակնելու համար դիմորդները պետք է ապացուցեն, որ Իսպանիայում ապրել են հինգ ամիս և չունեն քրեական անցյալ։ Դիմումը ներկայացնելու համար նրանք ունեն ժամանակ ապրիլի 16-ից մինչև հունիսի վերջը։
Սանչեսն ասել է, որ ներգաղթյալները նպաստել են «կառուցելուն այն հարուստ, բաց և բազմազան Իսպանիան, որը մենք ենք և որին ձգտում ենք»։ Վարչապետը հայտարարել է, որ այս ներգաղթյալները կարևոր են ծերացող բնակչություն ունեցող երկրում տնտեսության և հանրային ծառայությունների պահպանման համար։ Նա նշել է նաև, որ սա գործողությունների ճիշտ ընթացքն է այն երկրի համար, որի քաղաքացիներից շատերն արտագաղթել են ավելի լավ հնարավորություններ փնտրելու համար։
Funcas վերլուծական կենտրոնի գնահատմաբ՝ Իսպանիայում կա մոտավորապես 840 հազար անօրինական ներգաղթյալ, որոնց մեծ մասը Լատինական Ամերիկայից է։





























