Ղրղզստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ նախկին արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի դեմ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Նրան արգելվել է մուտք գործել երկիր, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Չինգիզ Այդարբեկովը Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020 թվականներին: Նախարարության տվյալներով՝ նախարարությունում իր պաշտոնավարման ընթացքում նա հանցավոր համագործակցության է եկել որոշակի աշխատակիցների հետ և խախտումներ թույլ տվել բյուջետային միջոցների օգտագործման հարցում:
Խոսքը վերաբերում է ուռճացված ծախսերին, առանց համապատասխան փաստաթղթերի գույքի և միջոցների դուրսգրմանը, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի օգտագործմանը: Հետաքննությունը բացահայտել է նաև հափշտակության դեպքեր՝ ներառյալ շահագրգիռ կառույցների միջոցով:




























